Ձյունաշողում այս տարի միայն մեկ երեխա է ծնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ձյունաշող գյուղը, ինչպես մարզի շատ համայնքներ, եւս գազաֆիկացված չէ: 143 բնակիչ ունեցող համայնքի կարեւորագույն խնդիրներից են կապույտ վառելիքի բացակայությունն ու անմխիթար ճանապարհները, որոնց պատճառով անգամ տաքսիներն են շատ հաճախ հրաժարվում հասնել համայնք:

Ձյունաշողի գյուղապետ Գարի Գրիգորյանն ասում է, որ վերանորոգման կարիք ունի նաեւ գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 25 աշակերտ. «Դասասենյակները նորոգման կարիք ունեն, տանիքը նորոգված է, բայց դասասենյակների ապակիները ենթակա են փոխման, ձմռանը ցուրտ է լինում, քամին ու ցուրտը լցվում է դասարան, չենք կարողանում սոլյարայուղով նորմալ ջեռուցել»,-ասում է նա:

Համայնքը մանկապարտեզ չունի ու չի էլ ունեցել, քանի որ այդ տարիքի երեխաներ չկան:  Գյուղի դպրոց այս տարի 3 առաջին դասարանցի է հաճախել: Իսկ ընթացիկ տարում գյուղում միայն մեկ երեխա է ծնվել:

Ձյունաշողից եւս արտագաղթ կա, համայնքի ղեկավարը երեւույթին փիլիսոփայորեն է մոտենում՝ նշելով.«Հայաստանում հիմա ամեն տեղից էլ արտագաղթում են»: Համայնքի բյուջեն 7 մլն դրամ է, որի կեսից ավելին միայն աշխատավարձերի վրա է ծախսվում: Համայնքն ունի բուժկետ, 3 տարի առաջ մարզերի համաչափ զարգացման ծրագրով նորոգվել է համայնքային կենտրոնը:

Ձյունաշողում բնակարանները ձմռանը տաքացվում են վառելափայտով ու աթարով, որոնք գյուղացիները ողջ տարի հավաքում են ու պահեստավորում: Անասնապահությամբ զբաղվող համայնքում սեզոնին կաթի գինը հազիվ հասնում է 110 դրամի, որը, սակայն, համայնքի բնակիչներին ձեռնտու չէ: Իսկ աշնանը կաթի գինը էլ ավելի է նվազում:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վանաձոր




Լրահոս