Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին, տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը:
«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը նամակով դիմել է ՀՖՖ-ին, որտեղ նշվում է, որ վնասվածքի պատճառով Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին և Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին. «Հենրիխը գտնվում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը կրկնվել էր նրա մոտ այս ամսվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս։
Չնայած նրա մոտ վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, բայց Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնվածությամբ, առավել ևս մասնակցել որևէ հանդիպման։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ տա Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում և շարունակելով իր վերականգնումը»։