Վիգեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,-նշված է Սերժ Սարգսյանի որոշման մեջ:

Հիշեցնենք որ «Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 27-ի համարում կանխատեսել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը 09.09.2016թ. իր համարում տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի իր պաշտոնում:

Այնուհետեւ լուրեր տարածվեցին այն մասին, որ Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն հետագայում ինքը՝ Օհանյանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու տարբերակը, ինչը շատ գործիչների մոտ տպավորություն ստեղծեց, թե նա մնալու է իր պաշտոնում:

Սակայն սեպտեմբերի 26-ին, «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր է հրավիրել Սեյրան Օհանյանին` ապագայի մասին զրուցելու: Երկու պաշտոնյաների երկուժամյա հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, դեռեւս հայտնի չէ:




Լրահոս