Երեկ, ինչպես մի շարք քաղաքներում, այնպես էլ Սևանում ՏԻՄ ընտրություններ էին ընթանում: Ընտրությանը մասնակցում էր նաև գործող քաղաքապետ, կրկին առաջադրված և հարազատ ՀՀԿ-ի աջակցությունը չստացած Ռուդիկ Ղուկասյանը: Վերջինս էլ ընտրապայքարում պարտություն էր կրել:
Նշենք, որ երեկ Ռուդիկ Ղուկասյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ ապացույցներ ունի, թե իր մրցակիցներից Սարգիս Մուրադյանն ընտրակաշառք է բաժանում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ: Նա ընտրությունների արդյունքները մեկնաբանեց ընդամենը մի բառով «խայտառակություն»:
Մեր այն հարցին` ինչո՞վ եք զբաղվելու այսուհետ, Ղուկասյանը նշեց, որ դեռ չի որոշել. «Կյանքը ցույց կտա»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Ռուդիկ Ղուկասյանը (Ուդո) բերման էր ենթարկվել Մարտունու բաժին: Նրան ավելի վաղ ծանուցում էր ուղարկվել հարցաքննության ներկայանալու համար, սակայն Ղուկասյանն առանց պատշաճ տեղեկություն տրամադրելու` չի ներկայացել քննչական մարմնին:
Ինչպես հայտնի է` հարցաքննության հրավերը եղել է յուրացումների գործով, որոնք, ըստ նախաքննական մարմնի, կատարվել են Սևանի քաղաքապետարանից: Խոսքը Սեւան քաղաքի հաշվեկշռում գտնվող ջրահեռացման կոլեկտորի երկաթյա խողովակների յուրացման մասին է: Համայնքի պաշտոնատար անձինք, ըստ նախաքննական մարմնի, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, զգալի չափերի հասնող՝ 110 գծամետր, որից 66 գծամետրը՝ 600 մմ տրամագծի, իսկ 44 գծամետրը՝ 1000 մմ տրամագծի խողովակներ են յուրացրել: Ռ. Ղուկասյանը չի ընդունում իր պատասխանատվությունն այս մասով:
Լիդա Եղիազարյան