ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Մ-6 Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերին առնչվող հարցեր:
Շեյն Ռոզենտալը նշեց, որ «Հյուսիս – հարավ» ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում ԱԶԲ-ն բարեհաջող ավարտել է գործունեությունը, և այժմ շարունակում է աշխատել Տրանշ 3-ի շինարարության մեջ ներառված կազմակերպությունների հետ:
Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալության հայտնելով Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին համագործակցության համար՝ հույս հայտնեց, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության բնագավառների ռազմավարությանը և զարգացմանն առնչվող հարցեր, ԱԶԲ-ի հետ այդ ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն