«Սանիթեք» ընկերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր պաշտոնական էջին և թեժ գծի հեռախոսահամարինդիմումներ է ստանում գիշերային ժամերին իրականացվող աղբահանության վերաբերյալ: Բնակիչները դժգոհում են աղբատար մեքենաների և աղբահանություն իրականացնող աշխատակիցների աղմուկից: «Սանիթեք» ընկերությունը՝ աշխատելով հանրային ծառայության ոլորտում,խիստ կարևորում է բնակիչների կողմից հնչեցված կարծիքներն ու նրանց գոհունակությունը, ուստի հարկ ենք համարում այս առնչությամբ ներկայացնել ընկերության պարզաբանումը:
Նշենք, որ գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելը ընդունված միջազգային պրակտիկա է, որը կիրառվում է ցերեկային ժամերին քաղաքային երթևեկությունը, բակերում կայանած մեքենաների տեղաշարժը չխափանելու նկատառումով: Նման գրաֆիկով աշխատանքը կոչված է նաև բնակելի շենքերից աղբը ժամանակին տեղափոխելուն, որպեսզի բնակիչներն առավոտյան մաքուր տեսնեն քաղաքը:
Հավելենք նաև, որ «Սանիթեք» ընկերության բոլոր մեքենա-սարքավորումները ներկայումս լավագույնն են ըստ միջազգայնորեն ընդունված չափորոշիչների:Վերջիններս նաև աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։Այնուհանդերձ, գիշերային ժամերին ընկերության աշխատանքն առավել աննկատ կազմակերպելու համար ընկերության մասնագետները փորձում են նաև լրացուցիչ միջամտությամբ նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը: Իսկ բնակիչների այն դիմումները, որտեղ նշվել է ընկերության աշխատակիցների աղմուկի մասին, հատուկ ուշադրության են արժանացել. տվյալ հատվածում գիշերային ժամերին հերթափոխ իրականացնող բոլոր աշխատակիցների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել:
«Սանիթեք» ընկերությունը լիահույս է, որ ձեռնարկվող բոլոր քայլերը կնպաստեն աղբահանության աղմուկի նվազեցմանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ 24 ժամյաաշխատանքային գրաֆիկն անհրաժեշտ է Երևանը մաքուր պահելու համար: