Երեկ Վանաձորում ինքնասպանության փորձ է կատարել 4 անչափահաս երեխաների մայր, 37 ամյա Հ. Ապուջանյանը: Մեր տեղեկություններով՝ կինն ամուսնալուծված է, խնամքին ունի 3 երեխա, մի երեխան էլ գտնվում է հոր մոտ՝ ՌԴ-ում:
Հ. Ապուջանյանը նախ փորձել է հյուրասենյակում պարանով կախվել, այնուհետ պարանն ամրացրել է միջանցքի դռանն ու այդ կերպ կախվել՝ մինչ այդ բացելով բնակարանի գազի փականները:
Կատարվածի մասին տեղեկանալով՝ հարեւաններն անմիջապես շտապել են մոտակա փրկարարական ջոկատ: ԱԻՆ ծառայության փրկարար Գուրգեն Ալավերդյանը պարանի միջոցով մտել է բնակարան, կնոջն իջեցրել ու զանգահարել շտապօգնություն, նաեւ անմիջապես փակել գազի փականները: Կնոջը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ, մեր տեղեկություններով, նրան տարել են հոգեբուժարան՝ առողջական վիճակը պարզելու նպատակով:
Հարեւանները «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ կինը երբեւէ նման վարք չի դրսեւորել, եւ եթե փրկարարները ժամանակին վրա չհասնեին, ապա կկատարվեր ամենասարսափելին՝ նախ կինը կմահանար, ապա՝ գազի արտահոսքից, հնարավոր է, տունն ու ողջ շենքը պայթեր:
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցներն ու քննչական խումբը: Չնայած այն հանգամանքին, որ Հ. Ապուջանյանը գրանցված չի եղել հոգեբուժարանում, նրա մոտ տարօրինակություններ, այդուամենայնիվ, նկատվել են: Այդ մասին նրա մայրը հայտնել է դեպքի վայր ժամանած իրավապահներին: Բարեբախտաբար, երեխաները տանը չեն եղել: Նշենք, որ ինքնասպանության փորձ կատարած կինը որեւէ տեղ չի աշխատում: