ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` գյուղատնտեսության առաջիկա և հեռանակարային զարգացման ծրագրային հիմնադրույթները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:
«Գյուղատնտեսության ոլորտում պետությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք թեպետ որոշակի արդյունքներ տվել են, սակայն այսօր բավարար չեն, և մենք ունենք մի իրավիճակ, երբ դժգոհ են բոլորը` թե գյուղացին, թե վերամշակողը, իսկ սա նշանակում է, որ սուբսիդավորման ծրագրերը սխալ են աշխատում, ուստի անհրաժեշտ է վերանայել մոտեցումները, օպտիմիզացնել դրանց իրականացման մեթոդները, որպեսզի «արտադրությունից մինչև շուկա» շղթայում ներգրավված բոլոր սուբյեկտները շահույթով աշխատեն: Գյուղացին և վերամշակողն իրենց խնդիրների բեռով ամեն օր թակում են նախարարության դուռը, և մենք պետք է ստեղծենք ռեալ գործիքակազմ` նրանց օգնության ձեռք մեկնելու համար»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:
Նախարարի խոսքով` անհրաժեշտ է ստեղծել պետական երաշխիքով գործող հիմնադրամ, որի միջոցով հնարավոր կլինի լուծումներ տալ գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման և իրացման խնդիրներին, առավել մատչելի պայմաններով վարկավորում ապահովել գյուղոլորտի համար:
Հիմնադրամը կունենա նաև գյուղատնտեսական միավորումների կողմից ավել արտադրված և չիրացված արտադրանքի պետական երաշխիքով գնման և իրացման ֆինանսավորման գործառույթ, որը թույլ կտա արտադրող տնտեսություններին սպառել իրենց ավելցուկ արտադրանքը և ապահովել ֆինանսական կայունությունը:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նախարարի տեղակալներին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն մարզային զարգացման 5 տարվա ծրագրերի մշակմամբ գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների մասով, գյուղատնտեսական զարգացման ուղղությունները պետք է նախագծվեն ելնելով տվյալ մարզի առանձնահատկություններից:
Անդրադառնալով կոոպերատիվների ստեղծման խնդիրներին` Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ պետք է լրացնել այն օրենսդրական բացերը, որոնք խանգարում են գյուղացիական տնտեսություններին միավորվել, լրացուցիչ խթաններ ստեղծել, այդ թվում` պետական աջակցություն ցուցաբերել ներդրումների տեսքով, որպեսզի գյուղացին կարողանան ինքը դառնալ գյուղմթերքի վերամշակողը, ինչպես նաև իրացման կազմակերպման հնարավորություններ ունենա:
Նախարարը հավելել է, որ միջինացված հաշվարկով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբսիդավորման ծավալը պետք է լինի ընդհանուր արտադրված գյուղմթերքի ծավալի 10 – 15%-ը, որպեսզի կարողանանք այս ոլորտում ռեալ աճ և զարգացում արձանագրել, ուստի անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ոլորտի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու ուղղությամբ:
Քննարկվել են նաև գյուղատնտեսական ապահովագրության ներդրման, բնակլիմայական աղետների վնասների հաշվարկման թափանցիկության ապահովման, վիճակագրության, նախարարության կառուցվածքային բարեփոխումների, աշխատանքի արդյունավետության ավելացման և այլ խնդիրներ, պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին