Զինհաշմանդամին անհրաժեշտ է յամեր հետազոտություն, բայց հնարավոր չէ դա կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել «Աստված պահապան հայ զինվորին» վերտառությամբ որևէ մի գրություն, հոդված կամ ֆեյսբուքյան խումբ:

ArmLur.am-ն ուսումնասիրելով զինհաշմանդամների խնդիրները  հանգեց այն եզրակացության, որ պետական մարմիններն էլ այս հարցում իրենց հույսը, կարծես թե, Աստծո վրա են դրել: 18-ը լրանալուն պես ՀՀ քաղաքացիները գնում են բանակ` պարտադիր զինվորական ծառայության, սակայն դժբախտ պատահարների, թշնամու գնդակից վիրավորվելուց կամ հիվանդություն ձեռք բերելուց հետո պետական մարմինները «ձեռքերը լվանում են». այս դուք` այս ձեր զինհաշմանդամը: Զինհաշմանդամի ընտանիքը մնում է մենակ` իր առողջապահական և սոցիալական խնդիրների հետ:

Օրեր առաջ մենք կրկին տեղեկություն ստացանք, որ հերթական անգամ զինհաշմանդամի ծնողը կանգնել է ծանր խնդրի առաջ. ինչպես հայթայթել գումար` տղայի հետազոտության համար: Այսպես` նախկին ժամկետային զինծառայող Գրիշա Առաքելյանը 2014թ. մարտին բանակում ձեռք է բերել ծանր հիվանդություն: Այսօր առաջին կարգի զինհաշմանդամ է և ստանում է 55 հազար դրամ հաշմանդամության թոշակ: Հիվանդության առաջացման պատճառը դեռ հստակ չէ, սական Գրիշայի հայրը` Արթուր Առաքելյանը հսկայական միջոցներ է ծախսել տղայի բուժման համար:

»Աբովյանի տուբերկուլոզային հիվանդանոցում 6 ամիս բուժվելուց հետո պարզ դարձավ, որ տղաս չի կարող քայլել, ունի կորդինացիայի խնդիր: Տղայիս ուղարկեցին Կարմիր խաչ, որտեղ մոտ 45 օր բուժվեց անվճար, սակայն ստիպված եղանք վճարել կնոջս համար, քանի որ նա հանդես էր գալիս որպես Գրիշայի խնամակալ»,- ArmLur.am– ի հետ զրույցում ասաց Արթուր Առաքելյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ Կարմիր խաչում բուժման տրամադրման պայմանները սահմանափակ են, իրենք ստիպված են եղել դուրս գալ այնտեղից և վերականգնողական բուժումը շարունակել իրենց միջոցներով:

«Մոր և մանկան առողջարանում 500 հազար դրամ ենք վճարել երեխայի մեկ ամսվա բուժման համար: Այս հարցում մեզ աջակցել է Վայոց Ձորի մարզպետ՝ Հարություն Սարգսյանը, սակայն մնացած վճարումները կատարել են ընտանիքի միջոցներով»,-հավելեց Արթուրը:

Վերջինս մեզ հետ զրույցում նաև նշեց,  որ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ներկայացնելով բժշկի կողմից նշանակված բուժումների ցանկը:

«Սկզբում Պն-ի դիմումին ի պատասխան նշել են, որ տարին մեկ անգամ Առաքելյանին կարող են տրամադրել 100 հազար դրամ, սակայն ապրիլի վերջերին ՀՀ պաշտպանության նախարարությունից զանգ են ստացել, որ նախարարը 200 հազար դրամ գումարային փոխհատուցում է նախատեսել: Դա է եղել միակ ֆինանսական օգնությունը, որ ստացել ենք»,- ասաց զինհաշմանդամի հայրը:

Նշենք, որ այս պահին Գրիշան ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» նախաձեռնության շնորհիվ բուժման կուրսեր է անցնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Հետագա բուժան ընթացքը որոշելու համար տղային անհրաժեշտ էր անցնել յամեր հետազոտություն:

«Դիմեցի ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն ինձ  հայտնեցին, որ պետպատվերը վերջացել է. ստիպված եղանք ինքներս հայթայթել անհրաժեշտ գումարը»,-ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց Արթուր Առաքելյանը:

14556050_1801651163452791_613401919_n

Այս պահին տղան բուժումը շարունակում է Իզմիրլյան կենտրոնում, սական վաղվա օրվա մասին ընտանիքը պատկերացում չունի:
ՀՀ պաշպանության նախարարությունը պատկերացում չունի ինչպես լուծել պետպատվերի հարցը, սոցապ նախարարությունը `  ինչպես կարճ ժամկետներում լուծել իր աշխատակիցների վերապատրաստման հարցը, որպեսզի զբաղվեն զինհաշմանդամներով, առողջապահության նախարաությունը պատկերացում չունի ինչպես լուծի պետպատվերից դուրս գտնվող դեղորայքի տրամադրման հարցը: Հայրենիքի պաշտպանության համար զինվորը պատկերացում ունի, չի խնայում անգամ սեփական կյանքն ու առողջությունը, բայց նա էլ պատկերացում չունի, թե ինչ կլինի իր հետ, եթե դառնա զինհաշմանդամ:

 Լիդա Եղիազարյան




Լրահոս