Դրական կողմեր էլ կան, բացասական էլ. Ռուբեն Սադոյանը` «Հարկային օրենսգրքի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ վարման կարգով ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե նոր օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին, քանի որ այս նախագծում հակասահմանադրական դրույթներ կան: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ ասելով, որ այս նախագիծն ավելացնում է հարկատուների բեռը:

Նշենք, որ «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը անցել էր բավականին տարօրինակ իրավիճակում: Բանն այն է, որ մեծածավալ այս փաստաթուղթը պատգամավորներին տրվել էր նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Ըստ էության, ամեն ինչ արվել էր, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:Եվ հիմա, փաստորեն, այն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց:

«Ժողովուրդ»-ը քվեարկության ավարտից հետո զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյան

-Պարո՛ն Սադոյան, հասցրե՞լ եք ուսումնասիրել «Հարկային օրենսգիրքը», այն Ձեզ բավարարո՞ւմ է:

-Ուսումնասիրել եմ քիչ թե շատ, դրական կողմեր էլ կան, բացասական էլ:

Կոնկրետ կնշեք, թե որոնք են հիմնական դրական եւ բացասական կողմերը:

-Եթե ես հիմա ասեմ, Դուք չեք հասկանա, քանի որ Դուք էլ հարյուր տոկոսով չեք ուսումնասիրել, երբ ուսումնասիրեք, այն ժամանակ մենք իրար հետ կխոսենք:

-Բայց ինչ գիտեք, որ չենք ուսումնասիրել, միգուցե Դուք ասելի՞ք չունեք:

-Ես արդեն ասացի:

-Հիմա կոնկրետ նախագծում ստուգումների մասով հստակ մեխանիզմները չեն նշվել, դա Ձեզ բավարարո՞ւմ է, խնդիր չեք տեսնո՞ւմ:

-Ո՛չ, ստուգումների մասով խնդիր չկա, խնդիր չեմ տեսնում:

-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեզ վրա ճնշում են գործադրել, քանի որ ԱԺ ամբիոնից հայտարարություններ եղան, որ ՀՀԿ-ական թեկնածուներին ճնշել են, որպեսզի կողմ քվեարկեն:

-Ո՛չ, նմանատիպ բան չի եղել:

Զրուցեց` Քնար Մանուկյանը




Լրահոս