Նախօրեին Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ վարման կարգով ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե նոր օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին, քանի որ այս նախագծում հակասահմանադրական դրույթներ կան: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ ասելով, որ այս նախագիծն ավելացնում է հարկատուների բեռը:
Նշենք, որ «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը անցել էր բավականին տարօրինակ իրավիճակում: Բանն այն է, որ մեծածավալ այս փաստաթուղթը պատգամավորներին տրվել էր նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Ըստ էության, ամեն ինչ արվել էր, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:Եվ հիմա, փաստորեն, այն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց:
«Ժողովուրդ»-ը քվեարկության ավարտից հետո զրուցեց Աժ ՀՀԿ-ական գործարար պատգամավորների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյան:
-Պարո՛ն Բաբլոյան, ուսումնասիրե՞լ եք «Հարկային օրենսգիրք»-ը, Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ նախագիծը մի շարք պատգամավորներ համարում են դիվերսիա:
-Շատ մանրամասն նայել եմ, բոլոր քննարկումներին գրեթե մասնակցել եմ: Այն, ինչ վերաբերում է նամանավանդ առողջապահությանը, բոլոր մեր առաջարկությունները ընդունված են, բոլորը անխտիր: Իհարկե, ամբողջը առողջապահությունով չի որոշվում, բայց ամեն մեկը պետք է իր բնագավառում մաքսիմալ աշխատի: Մենք փորձեցինք մաքսիմալ, ինչքան կարող ենք ակտիվ աշխատել եւ եկանք արդյունքի, եւ մեր բոլոր առաջարկություններն ընդունվեցին:
-Միգուցե Դուք Ձեր բնագավառի առումով հասել եք արդյունքի, բայց նախագծում կան մի շարք բացասական դրույթներ, որոնց մասին Ձեր ընդդիմադիր գործընկերները բարձրաձայնում են, իսկ, ահա, իշխանական մեծամասնությունը լռում է: Լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ական պատգամավորներին հրահանգել են՝ կողմ քվեարկել, եթե անգամ նախագիծը նրանց սրտով չէ:
-Անձամբ ինձ մարդ չի ճնշել:
Զրուցեց` Քնար Մանուկյանը