Սևանի այլևս նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ունի հստակ տեղեկություններ ընտրակաշառք բաժանելու դեպքերի հետ կապված և ինքը փաստեր կհրապարակի այդ մասով:
Ժամանակն անցնում է, իսկ փաստեր դեռևս չկան: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ով նշեց, որ մամուլում նման հրապարակում կատարելը կարող է քրեական գործ հարուցելու առիթ դառնալ. «Իր ասածը հրապարակվել է մամուլով, իսկ նման հրապարակումները քրեական գործ հարուցելու հիմքերից մեկն են: Ես կարծում եմ հանրության համար նման ծանր հանցագործության մասին տեղեկություններ մամուլում հրապարակվելուց հետո իրավապահ մարմիններն անհապաղ պետք է արձագանքեն: Երբ կա առիթ` պետք է առնվազն նյութեր նախապատրաստեն և հիմքի առկայության պարագայում պետք հարուցվի քրեական գործ և կատարվի նախաքննություն»:
Իսկ մեր այն հարցին, թե ինչ կլինի, եթե անգամ վկա կանչվելու ժամանակ անձը հրաժարվի ցուցմունք տալուց, փաստաբանը պատասխանեց, որ անձը կարող է հրաժարվել ցուցմունք տալուց միայն մեկ դեպքում, եթե գործն անմիջապես իր անձին է վերաբերվում. «Իսկ մնացած բոլոր դեպքերում, երբ ցուցմունքը վերաբերվում է երրորդ անձի գործողություններին, իսկ վկան հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա նա կենթարկվի պատասխանատվության»:
Նշենք, որ 1.am-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ 350 հաղորդումներ են ստացել և նախապատրաստված նյութերից առանձնացրել են երկուսը՝ Վանաձոր քաղաքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքին, իսկ մյուսը Գեղարքունիքի մարզում ընտրակաշառքի վերաբերյալ դեպքի մասին. «Մենք ունենք կոնկրետ հաղորդում ընտրակաշառքի վերաբերյալ, որի պատշաճ քննությունը ՀՔԾ-ն կիրականանցի»: