Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր ԿԸՀ-ի անդամների թեկնածության հարցը, որն բավականին ուշագրավ զարգացում ստացավ: ԿԸՀ անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանն իր ելույթում նշեց, որ ԿԸՀ-ում իր խնդիրն է պատրաստել որակյալ լրագրողներ, ինչպես ՊՆ-ում էր: «Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ գոնե մինչև ապրիլ 100 պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել: Բոլորդ եք տեղյակ, որ մեր լրատվամիջոցները պատրաստ չեն»,-ասաց նա:
Շահսուվարյանի բողոքին միացավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս նշեց, որ հանրաքվեից հետո հարց է բարձրացրել, որպեսզի այն լրատվամիջոցները, որոնք բացարձակ հակաքարոզչությամբ են զբաղվում, ենթարկվեին պատասխանատվության: «Կարծում եմ, ձեր մոտեցումն է պետք, որ օրենքում պատժաչափերը խստացնենք, թեկուզ լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից: Առաջիկայում քանի որ ունենք համապետական ընտրություններ, բացառենք լրագրողի կամ լրատվամիջոցի նման դրսեւորումները»,-հավելեց նա:
Սեյրան Շահսուվարյանն էլ իր հերթին նշեց, որ արդեն 25 տարի այդ հարցն օրակարգում է, եւ այսօր լուծում չունի: «Լրատվամիջոցները խոսքի ազատության տակ ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ գրում են: Ես չեմ հիշում որեւէ մի դեպք, որ մի լրագրող մինչեւ այսօր պատասխան տված լինի իր արածի համար: Բացարձակ ստի համար պատասխան տված լինի: Անգամ վերցնելով գումար, հրապարակելով որոշ բաներ, որոնցից ինքն էլ անտեղյակ է, չեն էլ փորձում գոնե երկրորդ կողմին լսել»,-ասաց նա:
ԿԸՀ անդամի թեկնածուն նաև ասաց, որ եթե կկարողանաք մի այնպիսի օրենք ընդունել, որ մարդը պատասխան տա իր արածի համար, այն ժամանակ երեւի ամեն ինչ իր տեղը կընկնի: