Իրականում Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի տապալո՞ւմն է ուզում, թե՞ պարզապես խաղում է ընդդիմադիրի իր դերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունները, կարելի է ասել, դեռ չեն ավարտվել: Մոտ մեկ շաբաթից Վանաձորում ընտրված 33 ավագանիները պետք է քաղաքապետ ընտրեն, եւ պատմական շանս է տրված ոչ իշխանական ուժերին իշխող ՀՀԿ-ի կարծրատիպը կոտրել ու Վանաձորում ունենալ ընդդիմադիր քաղաքապետ:
Ինչպե՞ս, բացատրենք: Բանն այն է, որ ընտրություններում նվազագույն 6 տոկոս շեմը հաղթահարել են հինգ կուսակցություններ` ՀՀԿ-ն` 13 մանդատով, «Լուսավոր Հայաստան»-ը` 10 մանդատով, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ)` 5, ՀՅԴ-ն` 2 եւ ԲՀԿ-ն` 3 մանդատներով:

ՀՀ ԸՕ 165 հոդվածով նախատեսված բոնուսն այս դեպքում չի գործում, քանի որ 33 մանդատների 40 տոկոսը կազմում է 13,2: Այսինքն` ՀՀԿ-ն բոնուս ունենալու համար պետք է 14 մանդատ ունենար, բայց ընդամենը 13-ն է ստացել: Եւ հիմա ՀՀԿ-ն իր քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին քաղաքապետ դարձնելու համար ընտրված 4 ավագանու աջակցության կարիքն ունի: Հասկանալի է, որ ՀՅԴ-ն, որպես կոալիցիոն գործընկեր, իր ավագանու 2 ձայնը կտա ՀՀԿ-ի թեկնածուին: Ինչը նշանակում է, որ դեռ 2 մանդատի պակաս ՀՀԿ-ն զգալու է:

Իսկ, ահա, ոչ իշխանական ուժերը` «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են իրավիճակ փոխել եւ ունենալ ընդդիմադիր քաղաքապետ Վանաձորում, եթե մի կողմ դնեն իրենց նկրտումները եւ միավորվեն մեկ` ռեալ թեկնածուի օգտին:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ Էդմոն Մարուքյանի գլխավորած ԼՀԿ-ն 10 մանդատ է ստացել Վանաձորում, այսինքն՝ ընդամենը 3 մանդատով պակաս ՀՀԿ-ից, նշանակում է, որ բոլոր ուժերը պետք է հավաքվեն այդ քաղաքում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի շուրջ: Սակայն մեր երկրում տրամաբանական ոչինչ տեղի չի ունենում, քանի որ անձնական ամբիցիաներն ավելի բարձր դիրք ունեն:
3 ոչ իշխանական ուժերից միայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է հրապարակավ վստահեցրել, որ առանց որեւէ նախապայմանի պատրաստ է աջակցել ցանկացած համախմբման ծրագրի: Այսինքն` ե՛ւ ՕԵԿ-ի, ե՛ւ ԼՀԿ-ի թեկնածուների օգտին կքվեարկեն ԲՀԿ-ական 3 ավագանիները, եթե համատեղ որոշում կայացվի: Հիշեցնենք` Զոհրաբյանը հայտարարել էր, որ «սատանայի հետ էլ կհամագործակցեն, բայց ոչ երբեք ՀՀԿ-ի»:

Ահա, ՕԵԿ-ից ՀՎԿ դարձած կառույցը, գերագնահատելով իր ուժերը, ոչ մի կերպ չի ցանկանում միավորվել ու աջակցել 10 մանդատ ստացած ԼՀԿ-ին` նրանց համարելով մարզային, լոկալ մի կուսակցությունը, որին միավորվելը իրենց պատվից ցածր է, քանի որ իրենք «կայացած քաղաքական կառույց են»: Ու ստացվում է, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի համար ավելի ձեռնտու է, քան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն:
Իսկ ինչո՞ւ է ՕԵԿ-ՀՎԿ-ն նման վարքագիծ դրսեւորում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք պատճառաբանում են, թե իրենց կուսակցության ավագանու ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանը` Ական, որեւէ դեպքում չի համաձայնում Էդմոն Մարուքյանի եղբոր` 10 մանդատ ստացած Քրիստ Մարուքյանի տեղակալը դառնալ: Ու արդյունքում ստացվում է, որ Ական պատրաստ է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին սատարել` ոչնչի դիմաց, բայց ոչ իշխանական ԼՀԿ-ին` երբեք: Դրա համար էլ ՀՎԿ-ն Մարուքյանին առաջարկել էր միանալ իրենց:
Ահա, այսպես կարելի էր տապալված համարել Վանաձորում ոչ իշխանական քաղաքապետ ունենալու ծրագիրը, եթե երեկ Ական մի խայտառակ պատմության մեջ չհայտնվեր:

Երեկ երեկոյան ՀՎԿ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: «Առաջին լրատվականի» տեղեկություններով՝ Արկադի Փելեշյանը զինված սպառնացել է այլ հայտնի անձանց եւս: Ընդհանրապես, Արկադի Փելեշյանը Վանաձորում ունի քրեական համբավ: Նա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ծեծի պատճառը քվեներն են եղել. եկեղեցու առաջնորդը եւ մի քանի այլ անձինք խոստացել են ձայներ տալ ՀՎԿ-ին, սակայն Արկադի Փելեշյանը չի ստացել իր ակնկալած քվեները: Խաբված ավագանին որոշել է զենքով հարցերը կարգավորել:
Թերեւս տեսակի նմանությունն է ՀՎԿ-ՕԵԿ թեկնածու Ակային մղում դեպի ՀՀԿ` ամեն կերպ տապալելով ոչ իշխանական կոալիցիա ձեւավորելու հեռանկարը: Ու եթե Արթուր Բաղդասարյանն իրականում կրում է այն արժեքները, որոնց մասին բարձրագոչ հայտարարություններ է անում, ապա պետք է միավորվի այդ քաղաքում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի շուրջ, այլ ոչ թե պնդի, որ Վանաձորի քաղաքապետ պետք է դառնա իր թեկնածուն` քրեական անցյալով ու ներկայով աչքի ընկած Արկադի Փելեշյանը: Եթե, իհարկե, Փելեշյանը մնա ազատության մեջ, չկալանավորվի:

Ասել է թե` 2008 թվականի մարտի 1-ից հետո սա նախկին ՕԵԿ-ի համար նոր թեստ է` հասկանալու համար. իրականում Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի տապալո՞ւմն է ուզում, թե՞ պարզապես խաղում է ընդդիմադիրի իր դերը:

Թամարա Միքայելյան




Լրահոս