ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին և հիշեցրեց, որ վերջինս իր ելույթում հայտարարել էր, որ պետական ապարատում պետք է ընդգրկվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչը շատ ցանկալի է:
«Սակայն ինչպես ինքներդ էիք հայտարարել, լավ կադրերը պահանջված են ամեն տեղ ու բարձր որակավորում ունեցողներն ամեն տեղ են պահանջված, ու նրանք մասնավոր տեղերում են աշխատում ավելի բարձր աշխատավարձով: Հիմա ինչպե՞ս եք հրապուրելու այդ մասնագետներին պետական ծառայությամբ, որտեղ վարձատրությունն ավելի ցածր է», – հարցրեց պատգամավորը:
«Պայմանավորվել էինք չէ՞ անկեղծ խոսել, չգիտեմ: Այ, իրոք, չգիտեմ, պետք է մեջներից ընտրենք մարդկանց, որոնք միսսիա են տեսնում: Եվ ճիշտ չի լինի խոսել պետական պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման մասին, երբ որ մենք դեռ չենք լուծել շատ այլ խնդիրներ, բայց պետական կառավարման համակարգը էֆֆեկտիվ դարձնելու համար մենք պետք է այդ հարցին անդրադառնանք, հակառակ դեպքում մենք չենք ունենա որակյալ կառավարիչներ, դա իսկապես, խնդիր է»,-պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: