Այսօր հայ շախմատիստ Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ շախմատիստ Լևոն Արոնյանի ծննդյան օրն է: Լևոն Արոնյան (ծնվել է 1982-ի հոկտեմբերի 6-ին, Երևանում), հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր։ 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։ 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։

Հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը, լեռնային ճարտարագետ։ Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում` իր քույր Լիլիթից։ Մանկության տարիներին` 1990—1997-ին, նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը։ Ըստ Խաչիյանի` երբ Լևոնը դարձավ գրոսմայստեր, նրան արդեն անհրաժեշտ էր ավելի բարձրակարգ մարզիչ։ Հենց այդ դերն էլ ստանձնեց գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ։

1994-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում Լևոնը դարձավ մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Այդ առաջնությունում նա իրենից հետ թողեց ապագա բարձրակարգ գրոսմայստերներ Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալիեխոյին (Իսպանիա) և Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան)։ Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվեց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։

1995-ին Փարիզում Արոնյանը հաղթեց մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում։

1996-ին հաղթեց Իսպանիայում կայացած մինչև 14 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Նույն թվականին նա դարձավ միջազգային վարպետ։




Լրահոս