Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիսվել է Վրաստան և Ադրբեջան կատարած այցերի տպավորությունների մասին: Նա գտնվում էր Կովկասում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը:
«Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Կովկասի բոլոր ժողովուրդները կարող են համերաշխության մթնոլորտում ապրել»,-ասել է Հռոմի պապը:
Հռոմի պապի խոսքով՝ Վրաստան և Ադրբեջան կատարած ուղևորությունները Հայաստան կատարած այցի շարունակությունն էր: Trend-ի փոխանցմամբ՝ ելույթ ունենալով Բաքվում՝ Հռոմի պապը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջազգային հանրության աջակցության հույս է հայտնել:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ուղին միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղ բանակցություններն են: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում: Այլ ճանապարհը պատերազմն է, իսկ պատերազմը մշտապես ուղեկցվում է ոչնչացմամբ: Եվ, իհարկե, պետք է ևս մեկ անգամ աղոթել խաղաղության համար»,-հայտնում է Հռոմի պապի պաշտոնական կայքը: