Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը աշխատում է նոր անիմացիոն ֆիլմի վրա, որի շրջանակում համագործակցել է երաժիշտ Տիգրան Համասյանի հետ: Նաիրան «Ժողովուրդ»-ին պատմել է իր նոր ստեղծագործության մասին: Մենք անդրադարձել ենք նաեւ Հայաստանում անիմացիոն ոլորտի զարգացման միտումներին, համապատասխան դպրոցի բացակայության խնդրին, երիտասարդ կադրերի պոտենցիալին: Խոսել ենք այն մասին, թե արդի պայմաններում ինչպես պետք է երեխաներին հրամցնել որակյալ արտադրանք:
-Նաիրա՛, մի փոքր պատմեք, խնդրում եմ, Ձեր նոր մուլտֆիլմի մասին:
-Դա Զահրատի «Մարկոս եւ Մարկոս» փոքրիկ ստեղծագործության վրա հիմնված մուլտֆիլմ է, որի երաժշտության հեղինակը Տիգրան Համասյանն է: Ուրախ եմ, որ երկու սիրելի հեղինակների գործ, մեկը` գրականության ոլորտից, մյուսը` երաժշտության, համատեղվեց: Մուլտֆիլմը դեռ չեմ ավարտել, ընթացիկ աշխատանքների արդյունքը Տիգրանը տեսել է եւ հավանել: Կարծում եմ` մինչեւ փետրվար այն ավարտած կլինեմ:
-Իսկ ինչի՞ մասին է մուլտֆիլմը:
-Դա փոքրիկ գործ է` երկու Մարկոսների մասին, որոնք գնում են ծով` ոտքերը լվալու: Մեկն ասում է` աստղ ընկավ ծովի մեջ, մյուսն էլ թե` խաբում ես, չի ընկել: Երբ վեր են կենում, որ գնան, նրանցից մեկի ոտքին աստղ է կպած լինում: Այսինքն` շատերը կարող են եւ չտեսնել այդ աստղը…
-Ձեր կարծիքով` անիմացիոն ոլորտի զարգացումը Հայաստանում ի՞նչ փուլում է:
-Գիտեք` մենք միշտ բարձունքում ենք եղել, հատկապես` 80-90-ականներին, նույնիսկ` 70-ականներին: Հայկական անիմացիան Սովետմիության մասշտաբով միշտ եղել է առաջնային դիրքերում. եթե երկրորդը չէր, գոնե երրորդն էր իր ազատությամբ, ոչ սովորական թեմաներով, ձեռագրի առկայությամբ ու թարմությամբ: Արդի սերնդից շատ եմ հավանում Թումոյի «Yelling» անիմացիոն ստուդիայի կատարած աշխատանքը: Այն, ինչ տեսել եմ, իր դիզայնով, ձեւավորումով ոչնչով չի զիջում համաշխարհային չափանիշներին: Դավիթ Սահակյանցը, օրինակ, տրադիցիոն անիմացիայի հետեւորդ է, լիամետրաժ մուլտֆիլմեր է նկարահանում… Կա զարգացում, այն չի կանգնել:
-Իսկ մշակույթի նախարարության բյուջեից ոլորտին տրամադրվող գումարը բավարարո՞ւմ է, թե՞ մուլտիպլիկատորները ստիպված են իրենք միջոցներ հայթհայթել:
-Միջոցներ հայթհայթելու դեպքում խոսքն արդեն պատվերների մասին է: Ավելի լավ է ֆինանսավորումը քիչ լինի, բայց պետությունից լինի. այդ դեպքում թելադրող չես ունենա, եթե, իհարկե, քեզ վստահում են: Իմ հանդեպ, գոնե, այդ վստահությունը կա:
-Իսկ մի՞թե պետությունը չի կարող թեկուզ անուղղակիորեն ստիպել ինչ-որ բան անել:
-Դեռ այդ առումով դժգոհություն չունեմ: Գոհ եմ Կինոկենտրոնի վերաբերմունքից, իմ գործերին չխառնվելու միտումից: Մինչեւ հիմա ոչ ոք ինձ չի ստիպել անել այն, ինչ չեմ ուզում:
-Անկեղծ ասած` Ձեզ շատ եմ նմանեցնում մուլտհերոսի: Մտածե՞լ եք Ձեր կերպարը օգտագործել անիմացիոն ֆիլմում:
-Չէ, իհարկե: Ես ուրիշի աչքերով եմ նման մուլտֆիլմի հերոսի, ինքս ինձ այդպիսի կերպարի չեմ նմանեցնում (ծիծաղում է): Եվ հետո` մի քանի մանկական մուլտֆիլմերից բացի` ես կոնկրետ կերպարներով ֆիլմեր չունեմ, դրանցում ժամանակակից դեմքեր համարյա չկան:
-Դուք դասավանդելու փորձ ունեք, երիտասարդների շրջանում ինչպիսի՞ պոտենցիալ եք տեսնում:
-Իմ ուսանողների մեջ կար մի աղջիկ, որն այժմ զբաղվում է անիմացիայով, իսկ դա քիչ չէ, քանի որ կուրսում 5 հոգի էին: Մեզ պակասում է դպրոցը: Ոչ մի ինստիտուտում անհրաժեշտ քանակի եւ որակի տեխնիկա չկա: Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները ընդամենը մի քանի տեսախցիկով եւ մեկ համակարգչով ինչպե՞ս կարող են պրակտիկ կրթություն ստանալ:
-Նաիրա՛, այսօր ծնողները շատ են դժգոհում հեռուստատեսությամբ ցուցադրվող մուլտֆիլմերի որակից, դրանց բովանդակությունից, քարոզչությունից: Մյուս կողմից էլ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում ինֆորմացիան կայծակնային արագությամբ է տարածվում, եւ հաճախ հնարավոր չի լինում երեխային հետ պահել անորակ մուլտֆիլմերից: Ի՞նչ անել:
-Այսօր հնարավորությունները մեծ են. ով ինչ ուզենա` կփնտրի եւ կգտնի: Երեխան կշահի, եթե նրա բախտը բերած լինի ծնողների հարցում… Իհարկե, հարկավոր է, որ պետականորեն ճիշտ մոտեցում ցուցաբերվի արվեստին, որպեսզի արվեստի եւ ժողովրդի կապը չխաթարվի: Լավ կլինի, որ հեռուստատեսությունը չլինի նշաձողը իջեցնող, այլ հակառակը: Վերջին 15-20 տարիների ընթացքում հեռուստատեսությունից ոչ մի լավ բան չես սպասում: Բայց ինձ թվում է` ինչ-որ բաներ կփոխվեն, քանի որ ժողովուրդը կշտացել է այդ ամենից, ուրիշ բան է սպասում: Իսկ, առհասարակ, կարծում եմ` երեխաները շատ լավ կարողանում են կողմնորոշվել լավ ու վատ մուլտֆիլմերի հարցում: Եթե ծնողը հենց սկզբից ցույց է տվել լավը, երեխան, այո, անորակ մուլտֆիլմեր կնայի, բայց, միեւնույն ժամանակ, շատ արագ կհրաժարվի դրանցից, կձգտի ավելի լավին: Եվ հետո նոր մուլտֆիլմերի մեջ էլ կան լավերը: Պետք է երեխայի հետ նստել, օրինակ` ասել. «Վա՜յ, ի՜նչ լավն է այս կտորը»: Այդ դեպքում երեխան կսկսի լավը վատից տարբերել, պարզապես հարկավոր է նրան ուղղություն ցույց տալ:
Աննա Բաբաջանյան