Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գնահատական է տվել Սիրիայում մեկ տարվա ընթացքում անցկացված ռուսական օպերացիայի արդյունքները, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Նրա խոսքով՝ այդ ընթացքում հաջողվել է մի կողմից կայունացնել Սիրիայի իրավիճակը, մյուս կողմից՝ ստուգել ժամանակակից զենքի կիրառությունն ու նորագույն հրթիռներ գործարկել:
«Մեծ հեռավորության զենքի և մեր ռազմատեխնիկայի էֆեկտիվության շնորհիվ՝ Սիրիայի իրավիճակը կայունացվել է և հաջողվել է ահաբեկիչներից ազատագրել երկրի զգալի մասը»,-ասել է Շոյգուն ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:
«Անցել է մեկ տարի, ինչ մեր զինված ուժերը մարտական խնդիրներ են իրականացնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Այդ ընթացքում հաջողություններ են գրանցվել Սիրիայում, ինչպես նաև կարգավորվել է հակամարտող կողմերի հաշտեցման հարցով ռուսական Կենտրոնի աշխատանքը»,-նշել է Շոյգուն: