
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դանա Մեագերը:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը բաց է համագործակցության համար, պատրաստ քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը վերաբերող առաջարկություններ: Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացման ներդրումային նախագծերին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված սերտ փոխգործակցությունը:
Դանա Մեագերը նշել է, որ իր երկիրը շահագրգիռ է ընդլայնելու Հայաստանի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունը և ընդգծել, որ Սլովակիան պատրաստ է նպաստել նաև ՀՀ-ԵՄ գործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է EU-Asia Business Finance Center Holding-ի ներդրումային ծրագրերի ընդհանուր փաթեթը՝ համագործակցության եզրերը որոշակիցնելու նպատակով: