Ինչպես հայտնել ենք `«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ` հասկանալու արդյո՞ք նրանք ևս պաշտպանելու են Քրիստ Մարուքյանի թեկնածությունը:
Ի պատասխան մեր հարցադրմանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես շատ կարևոր եմ համարում, որ Վանաձորում երեք քաղաքական ուժեր` «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ», իրապես վեր կանգնեցին տարատեսակ ամբիցիաներից և խնդիրներից և հանուն մեկ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու, հանուն գոնե մեկ քաղաքում`Վանաձորում փոփոխությունների հասնելու, միավորվեցին: Բնականաբար ԲՀԿ-ն ևս միանում է, և մեր ավագանու թեկնածուները կստորագրեն համատեղ հուշագրի տակ` ի պաշտպանութուն «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի»: