Հոկտեմբերի 4-6-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրավերով պատասխան այցով Հայաստան էր ժամանել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար, միլիցիայի գեներալ-մայոր Սերգեյ Դորոշկոյի գլխավորած պատվիրակությունը:
Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՔԿՎ պետ Ա. Օսիկյանը բելառուս գործընկերներին ծանոթացրեց ՀՀ քրեակատարողական համակարգում իրականացված բարեփոխումներին, կատարված աշխատանքներին, այդ թվում` վերջերս ներդրված առցանց պատվերների համակարգին:
Քննարկվեցին նաև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում` դատապարտյալների զբաղվածության ապահովմանը միտված համատեղ արտադրական գործունեություն կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ:
Բելառուս գործընկերները տեղում ծանոթացան նաև «Աբովյան» և Արմավիր քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքներին, նյութատեխնիկական տարբեր միջոցների գործադրմամբ վերահսկողության և անվտանգության կազմակերպման աշխատանքներին, ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներին և այլ խնդիրների:
Այցի շրջանակներում երկու երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր պենիտենցիար ոլորտում փորձի, ինչպես նաև գիտատեխնիկական և իրավական ինֆորմացիայի փոխանակման, համատեղ վերլուծական հետազոտությունների և տարբեր նախագծերի իրականացման, ծառայողների որակավորման բարձրացման և համագործակցության այլ ուղղությունների վերաբերյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին