Այս գիշեր հակառակորդը կտրուկ գործողությունների է գնացել, ինչի հետևանքով ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ` հասկանալու արդյո՞ք սա նոր պատերազմի առիթ կարող է լինել, թե ոչ:
Ի պատասխան մեր հարցադրմանը, քաղաքագետը նշեց, որ մի քանի գործոն պետք է հաշվի առնել:
«Առաջինը՝ նախ Ադրբեջանն ընթանում էր սահմանադրական հանրաքվեով և այդ ժամանակ նրանք այնքան էլ չէին ուզում, որ լարվեր իրավիճակը, որովհետև նրանք ներքին խնդիր ունեին: Երկրորդ գործոնը` Հայաստանի կողմից ներկայացված իսկանդերներն են: Իսկ երրորդ գործոնը՝ Քերիի հայտարարությունն էր, որ Ղարաբաղի հարցը պետք է սառեցնել, քանի որ կողմերը պատրաստ չեն խնդրի լուծմանը»,-ասաց քաղաքագետը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ պատերազմի վտանգ չկա. «Նրանք կփորձեն ավելի ապակայունացնել իրավիճակը, որպեսզի ցույց տան միջազգային հանրությանը, որ այս հարցը սառեցնել չի կարելի»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան