18 մանդատ` 15-ի դիմաց. ինչպես Վանաձորում իրենց կդրսևորեն ընդդիմադիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, կարելի է ասել, ականատես եղանք պատմական իրադարձության, որը, սակայն վերջնականապես կարելի է այդպիսին համարել միայն բուն ընտրություններից հետո: Ինչպես հայտնի է` երեկ ընդդիմությունը որոշեց Վանաձորում միավորել ուժերը: Նման հեռանկար վերջին օրերին քննարկվում էր, սակայն «Հայկական վերածնունդ»-ն ի սկզբանե տարբեր պայմաններ էր առաջարկել` «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին սատարելու համար: ԲՀԿ-ն որևէ պայման չէր առաջարկել, այլ սպասում էր այս երկու ուժերի միացյալ որոշմանը:

Երեկ ՀՎԿ-ն թերևս շատերի համար անսպասելի որոշում կայացրեց` սատարել Մարուքյանին. այսպիսի որոշման պատճառները կարող են կապված լինել նաև օրեր առաջ Վանաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որի առանցքային մասնակիցը եղել է ՀՎԿ թեկնածու Արկադի Փելեշյանը: Այս կերպ թերևս ներկայիս ՀՎԿ-ն, նախկին ՕԵԿ-ը փորձում է ստվերել Փելեշյանի պահվածքի հետևանքները:

Այժմ հասկանանք, թե ընդդիմադիրների որոշումից հետո ինչ իրավիճակ է ստեղծվել Վանաձորում:
Ընդդիմադիր բոլորն ուժերը միասին ունենալու են 18 մանդատ, որն ավելին է, քան ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի 15 մանդատը:  Իհարկե դեպքեր եղել են, երբ իշխող ՀՀԿ-ն տապալվել է մի քանի վայրերում, սակայն այստեղ իրավիճակի հետաքրքրությունն այն է, որ դա տեղի է ունենում հանրապետության երրորդ քաղաքում: Ի սկզբանե, Վանաձորում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել, և վերջնական եզրակացության կարող ենք գալ միայն բուն քվեարկությունից հետո:

Թերևս, մեզ մնում է հուսալ, որ փակ, գաղտնի քվեարկության ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները չեն տապալի ի սկզբանե հաջողված համարում ստացած նախաձեռնությունը:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս