Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցան կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունները: ԿԸՀ նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Տիգրան Մուկուչյանը: Քվեարկությանը մասնակցեցին 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ էր քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: ԿԸՀ անդամները նույնպես վերընտրվեցին: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ իշխող ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի՝ ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածությունները պաշտպանում են նաեւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները:
Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվել էր Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը, իսկ անդամների համար առաջադրվել էին Լաուրա Գալստյանի, Արմեն Սմբատյանի, Սեյրան Շահսուվարյանի, Նունե Հովհաննիսյանի, Գեորգի Մարտիրոսյանի եւ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները: Թվարկված վեց անձինք նույնպես ԿԸՀ գործող անդամներ են, որեւէ նոր թեկնածություն չէր առաջադրվել:
«Ժողովուրդ»-ը նշված խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյո՞ք իրենց ընդդիմադիր կեցվածքը եւ իշխանական թեկնածուներին պաշտպանելու քայլը իրար չեն հակասում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչո՞ւ չառաջադրեցիք ԿԸՀ այլ անդամի թեկնածություն, որը կարող էր այլընտրանք լինել գործող անդամներին:
-Մենք ունենք այնտեղ մեր թեկնածուն:
-Ո՞վ է նա:
-Լաուրան, որի հետ աշխատել ենք տարիների ընթացքում, առիթ է եղել շփվելու, եւ ես իր աշխատանքից գոհ եմ եղել: Դրա համաձայն էլ՝ հանձնաժողովում քվեարկեցի միայն իր օգտին եւ այսօր մասնակցեցի քվեարկությանը: Մեկ անձի կողմ եմ քվեարկել, իսկ մյուս անձանց՝ ձեռնպահ:
–Իսկ ինչո՞ւ մյուս թեկնածուների դեմ չքվեարկեցիք, ի վերջո, ԱԺ ամբիոնից այդքան հայտարարություններ հնչեցին, որ բազմաթիվ խախտումներ են եղել, որ ԿԸՀ-ն պարզապես անգործության էր մատնված եւ այլն, եւ այլն:
-Քանի որ պետք է կուսակցությունում լիներ քննարկում՝ ինչպես քվեարկել, ես պարզապես ձեռնպահ էի մինչ որոշում կայացնելը, իսկ որոշումը եղավ ազատ քվեարկությունը:
Քնար Մանուկյան