Մենք արել ենք, մենք պայքարել ու պայքարելու ենք տեղերում. Մհեր Շահգելդյանը` ԿԸՀ-ի նախագահի ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցան կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունները: ԿԸՀ նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Տիգրան Մուկուչյանը: Քվեարկությանը մասնակցեցին 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ էր քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: ԿԸՀ անդամները նույնպես վերընտրվեցին: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ իշխող ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի՝ ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածությունները պաշտպանում են նաեւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները:

Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվել էր Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը, իսկ անդամների համար առաջադրվել էին Լաուրա Գալստյանի, Արմեն Սմբատյանի, Սեյրան Շահսուվարյանի, Նունե Հովհաննիսյանի, Գեորգի Մարտիրոսյանի եւ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները: Թվարկված վեց անձինք նույնպես ԿԸՀ գործող անդամներ են, որեւէ նոր թեկնածություն չէր առաջադրվել:
«Ժողովուրդ»-ը նշված խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյո՞ք իրենց ընդդիմադիր կեցվածքը եւ իշխանական թեկնածուներին պաշտպանելու քայլը իրար չեն հակասում:
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյան

Պարո՛ն Շահգելդյան, Դուք, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչո՞ւ չառաջադրեցիք ԿԸՀ այլ անդամի թեկնածություն, որը կարող էր այլընտրանք լինել գործող անդամներին:

-Խնդիրը հետեւյալն էր. եթե չէր առաջադրվում այս կազմը, ապա առաջադրվում էր մի կազմ, որը, բոլորիս համար պարզ էր, ձեւավորված էր լինելու Հանրապետական կուսակցության նեկայացուցիչներից:

-Բայց ինչն էր խանգարում Ձեզ՝ առաջադրելու Ձեր թեկնածուներին: Դուք առաջադրեիք ու գնայիք Ձեր առաջադրածի օգտին քվեարկեիք ու ասեիք՝ տեսեք, մենք արեցինք, ու նա չանցավ:

-Գիտեք, ուժերի հաշվարկ պետք է անել, մենք կարող էինք առաջարկել: Մենք, դեպքեր է եղել, որ առաջարկել ենք, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված, բայց ուժերի հարաբերակցությունը, որ Դուք հաշվարկում եք, պարզ է դառնում, որ եթե նույնիսկ մենք առաջարկեինք, քվեարկություն էր լինելու, գալու էին ամբողջական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Այս ամենի արդյունքում մենք դիտարկեցինք, որ գերադասելի է այս հանձնաժողովը, քան թե գան բոլորը հանրապետականներ:

Բայց այսպես ստացվում է, որ ընտրախախտումների մասին ՕԵԿ-ի արած հայտարարություններն ու ԿԸՀ անդամների վերաբերյալ քվեարկությունը հակասում են իրար:

-Չէ՛, չէ՛, մենք արել ենք, մենք պայքարել ու պայքարելու ենք տեղերում, գիտեք ինչ, դա խոսելով չի, դա պայքարելով է, հանձնաժողովներում, տեղերում, ինչը արել ենք միշտ:

Բայց դա արդեն ձեւական է դիտվում, քանի որ Դուք ասում եք մեկ բան, կատարում այլ բան:

-Տեսեք՝ ինչում է խնդիրը, դու գործ ես անում, մաքսիմում, ինչքան կարողանում ես լիակատար: Այսօր խնդիրները մեծ չափով պայմանավորված են ընտրակաշառքով:

Այսինքն՝ ԿԸՀ-ն մեղք չունի՞, այնտեղ արդար աշխատո՞ւմ են:

-Չէ՛, ԿԸՀ-ն, բոլորն ունեն իրենց խնդիրները եւ դերակատարումները: Խախտումների մեծ մասը կատարվում է ընտրակաշառքով, իմ համոզմամբ՝ «Այ-Դի» քարտերով, սա նշանակում է կառուսելի հնարավորություն: Մենք հիմա նախընտրեցինք այս տարբերակը, քան թե Հանրապետական կուսակցությունից ձեւավորված կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քանի որ այդ դեպքում հաստատ իրենք էին ձեւավորելու՝ ունենալով մեծամասնություն:

Դուք անձամբ ինչպե՞ս քվեարկեցիք:

-Դա գաղտնիք է, եթե փակ է, փակ է:

Քնար Մանուկյան




Լրահոս