Առաջադրման գործընթացը ի սկզբանե խափանված էր. Զարուհի Փոստանջյանը` ԿԸՀ-ի թեկնածուի առաջադրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցան կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունները: ԿԸՀ նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Տիգրան Մուկուչյանը: Քվեարկությանը մասնակցեցին 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ էր քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: ԿԸՀ անդամները նույնպես վերընտրվեցին: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ իշխող ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի՝ ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածությունները պաշտպանում են նաեւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները:

Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվել էր Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը, իսկ անդամների համար առաջադրվել էին Լաուրա Գալստյանի, Արմեն Սմբատյանի, Սեյրան Շահսուվարյանի, Նունե Հովհաննիսյանի, Գեորգի Մարտիրոսյանի եւ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները: Թվարկված վեց անձինք նույնպես ԿԸՀ գործող անդամներ են, որեւէ նոր թեկնածություն չէր առաջադրվել:
«Ժողովուրդ»-ը նշված խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյո՞ք իրենց ընդդիմադիր կեցվածքը եւ իշխանական թեկնածուներին պաշտպանելու քայլը իրար չեն հակասում:

«Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Տիկի՛ն Փոստանջյան, ԿԸՀ անդամներից ո՞ւմ եք կողմ կամ դեմ քվեարկել:

-Բոլորին դեմ եմ քվեարկել:

Այդ դեպքում Դուք, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչո՞ւ չառաջադրեցիք ԿԸՀ այլ անդամի թեկնածություն, որը կարող էր այլընտրանք հանդիսանալ:

-Հնարավորություն չունեի առաջարկելու, քանի որ արդեն ի սկզբանե այդ արգելքը դրված էր, եթե մենք մրցակցային ընտրություններ անեինք, ապա յուրաքանչյուր հանձնաժողովի անդամ պետք է ունենար այդ իրավունքը առաջադրելու, եւ բացի այդ՝ քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից լիներ առաջադրմանը: Այսինքն՝ առաջադրման գործընթացը ի սկզբանե խափանված էր, Դուք տեսաք՝ ովքեր էին առաջադրել, Դուք տեսաք սահմանափակում, իսկ եթե դու միայնակ չես կարող առաջադրել, հետեւաբար այդ սահմանափակումն է արդեն գործում:

զրուցեց՝  Քնար Մանուկյանը




Լրահոս