«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ն անցած տարվա նոյեմբերին սնանկացել է: Բանն այն է, որ բեմարվեստի համալսարանին սնանկ ճանաչելու պահանջով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչությունը:
Ըստ ֆինանսների նախարարության «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ն որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտ, հանդիսանում է ՀՀ-ում գրանցված եւ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարող: Սակայն ընկերությունը պատշաճ կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ համալսարանը պարտք է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ մոտ 1 մլն 700 հազար դրամ: