Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի գինու գործարանն այս տարի խաղող չի ընդունելու: Պատճառն այն է, որ այս տարի խաղողի բերքը շատ քիչ է, որն էլ գյուղացիները գործարան չեն հանձնում, այլ պահում են իրենց ընտանիքի օգտագործման համար: Նշենք, որ ամեն տարի Գագիկ Ծառուկյանը Բերդավանի գինու գործարանում խաղող էր ընդունում: Բերդավանցի խաղողագործները «Ժողովրդին» հայտնեցին, որ այս տարի միլդիու, օյդիու, անտրակոզ հիվանդությունները մեծ վնաս են պատճառել խաղողի ակնկալվող բերքին: Բերդավանցիները փորձարկել են խաղողի հիվանդությունների դեմ տարբեր բուժամիջոցներ, սակայն ապարդյուն:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետում այգեգործներից խաղողի ընդունումը սկսել են սեպտեմբերի 19-ից, Իջեւանի գինու, կոնյակի գործարանում՝ սեպտեմբերի 26-ից, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետում՝ սեպտեմբերի 30-ից: Վարչության պետն ասաց, որ այս տարվա եղանակային պայմաններն անբարենպաստ էին խաղողի բերքի համար: Նշենք, որ 2015թ. Տավուշի մարզում արտադրվել է շուրջ 15 հազար տոննա խաղող, որից մթերվել է 7500-ը: Այս տարի, սակայն, խաղողի բերքը եւ մթերված քանակությունը քիչ են լինելու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ