«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Այս կերպ բաց ու անմիջական հարցուպատասխանի միջոցով ընթերցողներին արդեն հայտնի անձինք կբացահայտվեն իրենց էության նոր, մինչեւ այժմ անհայտ գծերով: Այս անգամ մեր զրուցակիցը ամերիկաբնակ երգիչ, 70-ականների լեգենդ Հարութ Փամբուկչյանն է, նույն ինքը` Ձախ Հարութը:
-Պարո՛ն Փամբուկչյան, ո՞ր տարիքից սկսած եք Ձեզ հիշում:
-Չորս ու կես-հինգ տարեկանից: Հիշում եմ` եղբայրս գալիս էր տուն, օդի մեջ կարծես հոտոտելով զգում էր, որ առանց իրեն ձմերուկ ենք կերել, ինձնից հարցնում էր, թե որտեղ է պահված այն: Մենք այդ տարիներին զսպանակավոր մահճակալ ունեինք, ասում էի` եթե ինձ պառկեցնես դրա վրա եւ ճոճորես, կասեմ, թե որտեղ է ձմերուկը (ծիծաղում է):
-Ո՞րն է Ձեր սիրելի ըմպելիքը:
-Նռան եւ ծիրանի հյութեր: Ալկոհոլը էական տեղ չի գրավում սիրելի խմիչքների ցանկում: Առհասարակ, այդ պահին ընկերներս ինչ խմում են, դա եմ գերադասում:
-Անփոխարինելի վայր:
-Իմ Հայաստանը, Երեւանը եւ ԱՄՆ-ի իմ տունը, որտեղ ապրում եմ ընտանիքիս հետ:
-Հայ երգի խորհրդանիշը:
-Կոմիտասը: Ինձ համար կարեւոր է աշուղական-գուսանական երաժշտությունը` Սայաթ-Նովա, Շերամ, Ջիվանի…
-Երբեք չեք կարող անտարբեր անցնել…
-Գեղեցիկ աղջկա, մարդկանց գեղեցիկ արարքների կողքով, իրենց կյանքը ընկերոջը, սիրած աղջկան, հայրենիքին նվիրած մարդկանց կողքով:
-Դժվարությամբ եք գումար հատկացնում…
-Ինքս ինձ: Երբ, օրինակ, արտասահմանում եմ լինում, ընտանիքիս անդամների համար զանազան իրեր եմ գնում. նախընտրում եմ առաջինը հարազատներիս գոհացնել, հետո` ինձ:
-Շտապողական եք, վճռական, թե՞ հիշաչար:
-Շտապողական լինելու բնավորությունը տարիքի հետ փոխվում է. հիմա մի բան անելուց առաջ տասն անգամ կչափեմ, մեկ կկտրեմ: Անշուշտ, վճռական եմ, բայց այդ հարցում էլ պետք չէ շտապել, այլապես կվնասես ինքդ քեզ: Հիշաչար չեմ. կարող եմ միանգամից բարկանալ, բայց այդ զայրույթը շատ արագ անցնում է:
-Խորհուրդ, որը Ձեր կյանքում որոշիչ է եղել:
-Եթե մի բան սիրում ես, պետք է նպատակ դնես ու հասնես դրան: Այսինքն` ինձ խորհուրդ են տվել լինել հետեւողական, գնալ երազանքի հետեւից, լինել աշխատասեր ու պարտաճանաչ: Այդ խորհուրդը փոխանցվել է ընտանիքիս կողմից: Գիտեք` մեծ տարիքում կարող ես լսել կամ չլսել որեւէ խորհուրդ, բայց երբ փոքր ես, սպունգի նման կլանում ես դա:
-Պայթող տեսակ եք, թե՞ «ներս գցող»:
-Ներս գցող: Նախընտրում եմ ինձ վնասել, քան դիմացինիս:
-Ձեր խոսքը` երբեւէ Ձեզ թիկունքից հարվածած մարդկանց:
-Ես արդեն նշեցի, որ հիշաչար չեմ: Կան սխալներ, որոնց համար չարժե կորցնել, օրինակ, 30 տարվա ընկերոջը: Բայց, քավ լիցի, ոչ ոք ինձ այդպիսի զգալի հարված չի հասցրել, որ ես էլ հարմար առիթ գտնեմ ու պատասխանեմ, ես այդ մարդը չեմ:
-Կստեք, եթե…
-Եթե այդ ստի միջոցով փրկելու լինեմ որեւէ մեկին:
-Իշխող եք, թե՞ ենթարկվող:
-Ես ենթարկվում եմ բոլոր մարդկանց, որոնց սիրում եմ, բայց երբ զգում եմ, որ շահագործում են բարությունս, շատ ներողություն, դառնում եմ վայրենի:
-Սխալ, որի համար Ձեզ չեք ներում:
-Երբեմն իդեալական ամուսին չեմ եղել իմ սիրելի կնոջ համար: Բայց ինձ մխիթարում եմ գոնե նրանով, որ մեր համատեղ կյանքի վերջին 15 տարվա ընթացքում ապրում էի ճիշտ ձեւով… Բայց նրան կորցնելը նախատեսված էր ի վերուստ… Գոնե հիմա անում եմ այն, ինչ նրան դուր կգար, թեեւ ես դա անում էի նաեւ նրան կորցնելուց առաջ:
-Սիրելու Ձեր ձեւը:
-Ես իմ սերը ցույց եմ տալիս գործով, բայց մեծ մասամբ դա ապարդյուն է լինում… Մեկին տալիս ես ամեն ինչ եւ հանկարծ զգում ես, որ սխալվել ես: Դա բնորոշ է ինձ պես հախուռն, զգացմունքային մարդկանց: Որոշ ժամանակ հետո զգում ես, որ սխալվել ես…
-Կյանքից հարկավոր է վերցնել այն, ինչ…
-Ասում են` ժլատն ամեն ինչ է ուզում կյանքից: Ես ուզում եմ այն, ինչ հարկավոր է ինձ ու իմ մերձավորներին, իմ ընտանիքին, որպեսզի կարողանամ նրանց օգտակար լինել:
Աննա Բաբաջանյան