Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ առավել քան պարտավորեցնող ու առանձնահատուկ է Երևանի առաջին քույր քաղաքի պատվիրակության մասնակցությունը Երևանի տոնին:
«Մենք իսկապես ուրախ ենք այս օրը Ձեզ կրկին մեր կողքին տեսնելու համար: Շուրջ հինգ տասնամյակ է, ինչ Երևանն ու Կարրարան քույր քաղաքներ են, ինչն իր հերթին նաև պարտավորեցնում է էլ ավելի սերտացնել երկուստեք փոխհարաբերություններն ու գործնական կապերը: Լիահույս եմ, որ տոնին Ձեր մասնակցությունը լրացուցիչ խթան կդառնա մեր քաղաքների միջև փոխգործակցության առավել ընդլայնման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Կարրարայի քաղաքապետ Անջելո Զուբբանին, ի դեմս Տարոն Մարգարյանի, շնորհավորել է բոլոր երևանցիներին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ ու նկատել, որ շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող Երևանն իրոք շատ ջերմ ու հյուրընկալ քաղաք է: Անդրադառնալով երկու քաղաքների համագործակցության հեռանկարին` Անջելո Զուբբանին բարձր է գնահատել Երևանի գործընկերոջ համագործակցության պատրաստակամությունն ու կարևորել երկու քաղաքների միջև փոխշահավետ գործակցության ընդլայնումը:
«Շատ ուրախ եմ կրկին գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող մայրաքաղաքում, որն արդեն 2798 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ, և մենք, հաշվի առնելով նաև հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին: Ի դեպ, պարոն քաղաքապետ, չեմ կարող չնշել, որ ամեն անգամ այցելելով Երևան` այն տեսնում եմ ավելի գեղեցկացած ու հարմարավետ, ինչը լավ գիտեմ, որ ամենօրյա աշխատանքի արդյունք է», – նշել է Անջելո Զուբբանին, ավելացնելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով, ու ընդգծել է, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն