Արմեն Հակոբյանն ազատվել է աշխատանքից. Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել է:

Սակայն, երբ «Ժողովուրդ»-ը փորձել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, նա հերքել էր դրանք:

Այսօր արդեն պարզ դարձավ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Եվ հաստատվել է այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցված պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից և նշանավել ՀՀ ՃՈ պետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ այս կամ այն գերատեսչությունը փորձում է հերքել մեր հրապարակած տեղեկությունը, սակայն ընդամենը օրեր, նույնիսկ ժամեր անց դրանք հաստատվում են: Ակնհայտ է մեկ բան. խաբելը պաշտոնյային, առավել ևս բարձրաստիճան սպային ամենևին չի սազում:




Լրահոս