«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը թիվ 30 ԸԸՀ-ն կամփոփի Վանաձորի ավագանու ընտրությունները: Իսկ Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հաջոր օրը` առաջիկա երկուշաբթի:
Հիշեցնենք, երբ հոկտեմբերի 3-ին Վանաձորի ավագանու ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին եւ «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ-ին) կոչ արեց միավորվել ու Վանաձորի քաղաքապետ ընտրել, հիմնականում քննարկվում էր, թե ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերները ինչպես են մերժելու առաջարկը, որ իրենց «խիստ ընդդիմադիր» կեցվածքը չվնասվի: Այնուհետեւ ՀՎԿ-ն (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» կարող է իրենց միանալ կամ էլ այսօրվանից պետք է խոստանա գալիք ԱԺ ընտրություններին միասին մասնակցել: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ՕԵԿ-ի առաջարկը հրապարակավ մերժեց, եւ լուծումը տեսանելի չէր:
Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՎԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը` Արկադի Փելեշյանը, Վանաձորում իր քրեական անցյալով հայտնի Ական, ավետարանական եկեղեցու հովիվին ծեծեց: Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի է ունեցել ՀՎԿ-ի (ՕԵԿ-ի) նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հանդիպումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ թեկնածուի վարքի հիմնավորմամբ է կայացվել այդ դժվար որոշումը, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ոչ իշխանական թեկնածուն լինելու է ԼՀԿ-ի ցուցակի առաջին համարը` Քրիստ Մարուքյանը: ԲՀԿ-ն եւս հայտարարել է, որ Մարուքյանին է սատարելու: Հուշագիրը կստորագրվի այսօր:
Այսպիսով՝ Վանաձորի ավագանու տեղերը հետեւյալ կերպ են բաշխվել. ՀՀԿ՝ 13 մանդատ, ՀՅԴ՝ 2, ԼՀԿ՝ 10, ՕԵԿ՝ 5, ԲՀԿ՝ 3: Ստացվում է, որ ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին ունի 15 մանդատ: ԼՀԿ-ն, ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ ունեն 18 մանդատ: Բոլոր ավագանիները պետք է փակ-գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի ՀՀԿ-ականներն արդեն սկսել են լոկալ ճնշումները ընտրված բոլոր ավագանիների նկատմամբ, որպեսզի Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեն: Տեսնենք՝ ինչով կավարտվի գործընթացը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: