Շինության աղավաղումներ տեղի ունենալ չեն կարող. ճարտարապետը` տրանսպորտի նախարարության շենքի վաճառքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության  որոշմամբ, մոտ 28 միլիոն դոլարով աճուրդի է հանվել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը՝ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող հայտնի Արհմիությունների տան ձախ հատվածը:

ArmLur.am-ի հետ զրույցում ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իր կարծիքով շենքը փոփոխության չի ենթարկվի. «Իմ կարծիքով, քանի որ նախարարությունների նոր շենքը պատրաստ է, հին շենքն էլ գնող կա դրա համար էլ հանել են աճուրդի: Բայց իմ կարծիքով, այդ շենքը  որևիցե փոփոխությունների, նամանավանդ ճակատային հատվածում, ենթարկվել չի կարող»:

Ճարտարապետը նշեց, որ պայմանագրում կետեր կան, որոնք թույլ չեն տա շինությունը փոփոխել. «Կարծում եմ պայմանագրում այդ բոլոր փաստարկները բերված կլինեն, որպեսզի շենքը մնա այնպիսին ինչպիսին, որ կա, որովհետև այն հրապարակի մի մասն է կազմում և շինության աղավաղումներ տեղի ունենալ չեն կարող»:

Ի դեպ կառավարության որոշման մեջ պահանջ կա՝ եթե գնորդը որոշի փոփոխության ենթարկել հուշարձանը, ապա դա կարող է անել միայն կառավարության թույլտվությամբ:

Մնում է հույս ունենալ, որ այդ թույլտվությունը ձեռք բերելը ինչ-որ գումարների հետ կապված չի լինի և շենքը հերթական աղավաղված հուշարձանի չի վերածվի:




Լրահոս