Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց ստիպում են ընդունել ԼՂՀ-ի անկախությունը. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,-ասել նա:
Այս հայտարարության շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ, ով նշեց, որ այս հայտարարությունն ավելի շատ ներքին լսարանին էր ուղղված. «Ադրբեջանցիների կողմից հերթական դժգոհությունն է, նրանք ամեն ինչ ընկալում են այնպես, ինչպես է ձեռնտու և կարծում են, որ բոլորը պետք է կիսեն անհեթեթ տեսակետները և եթե որևէ մեկն իրենց հետ համաձայն չէ, ապա նրան ընկալում են որպես թշնամի: Ալիևը նման հայտարություն անելով, թե իբր իրենց դեմ քարոզչություն է ընթանում, և իրենց պարտադրում են ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, դա ցույց է տալիս, որ սա ուղղված է իրենց ներքին լսարանին, թե տեսեք ինչքան լավ է, որ դուք ընտրել եք ինձ, և մենք էլ երբեք չենք ընդունի ու ճանաչի ԼՂՀ-ն»:
Քաղաքագետը նշեց, որ նման հայտարարություններով Ալիևը հակասում է ինքն իրեն, քանի որ դեմ է գնում բանակցությունների սկզբունքներին. «Ճիշտ է բանակցությունների սկզբունքները մեզ համար էլ ընդունելի չեն, բայց այստեղ կետ կա, որ պետք է տեղի ունենա հանրաքվե և ժողովրդի կարծիքի հետ պետք է հաշվի նստել, իսկ դրանից հետո նման հայտարարությունը, թե ոչ մի պարագայում չենք ընդունի ԼՂՀ հակասությունն, արդեն հակասությունների տեղիք է տալիս»: