ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանումը լուծարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանումը լուծարվել է: Այն տեղավորված էր Իջեւան քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող երկհարկանի շենքում: Կադաստրի մարզային ստորաբաժանումն այդտեղ էր տեղափոխվել 2012թ. հունվարի 28-ից: Մինչ այդ այն գործում էր Տավուշի մարզպետարանի կողքին գտնվող շենքում:

Նոր շենքը մինչ այդ եղել է Իջեւանի գորգագործական կոմբինատի նախկին մանկապարտեզի շենքը: Այն սեփականաշնորհվել եւ գրանցվել է Սարիգյուղի բնակիչ Սեյրան Սարիբեկյանի անունով: Իջեւանում ասում են, որ այդ շենքը փաստացի հանդիսանում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի սեփականությունը: Կադաստրի պետական կոմիտեն սեփականատիրոջ հետ պայմանագիր էր կնքել, համաձայն որի՝ կադաստրի կոմիտեն վարձակալության համար ամեն ամիս վճարում էր շուրջ 1 միլիոն դրամ: 2014թ. սեպտեմբերին Վ. Ներսիսյանը նշանակվեց կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար: Նրա նշանակումից հետո նախկին մանկապարտեզի տարածքի վարձակալության ամսական վճարը շուրջ 1 միլիոն դրամի փոխարեն սահմանվեց ավելի քան 600 հազար դրամ:

Կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման լուծարումից հետո ստորաբաժանման 20 աշխատողներից մնացել են 3-ը: Նրանք այժմ աշխատում են Իջեւանի վերին հատվածում գտնվող մեծահասակների կրթության ակումբի շենքում: Կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային կայքից անհետացել է Տավուշի մարզային ստորաբաժանման մասին գրառումը, սակայն առկա են նոր կառույցի՝ մարզերի միավորված ստորաբաժանման մասին տեղեկություններ:




Լրահոս