Բարեկամավանի գյուղապետարանի լուծարումից հետո գյուղապետարանի աշխատակիցներն անգործ են մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանի գերեզմանատունը գտնվում է ադրբեջանական հենակետի դիմաց: Բարեկամավանի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանն ասաց, որ 1990-ականներին թաղումները գիշերով էին կատարում, որպեսզի ադրբեջանական զինուժը չնկատեր եւ կրակ չբացեր: Ներկայումս թաղումները արվում են ցերեկով, սակայն քիչ մարդկանցով: Նախկին գյուղապետի խոսքերով՝ այս տարի թաղման ժամանակ ադրբեջանական հենակետից թափորի վրա կրակ են բացել, բարեբախտաբար, տուժող չի եղել: Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել, այժմ գյուղում փաստացի մոտ 140 մարդ է բնակվում: Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 21 աշակերտ, կրթօջախում առաջին դասարան չկա: Նախկին գյուղապետն ասաց, որ համայնքների խոշորացումից, Բարեկամավանի գյուղապետարանի լուծարումից հետո ինքը եւ գյուղապետարանի աշխատակիցներն անգործ են մնացել:

Եկող տարի առաջին դասարան պետք է հաճախեն Գ. Աբազյանի եւ նրա եղբոր երեխաները: Եթե նախկին գյուղապետն ու նրա եղբայրն էլ գյուղից հեռանան, 2016-2017 ուսումնական տարում եւս դպրոցն առաջին դասարան չի ունենա: Գ. Աբազյանի խոսքով՝ գյուղապետի տեղակալ Ջոնիկ Միքայելյանի երեխան, գյուղապետարանի քարտուղար Արտակ Ղարագյոզյանի 2 զավակները Բարեկամավանի դպրոցում են սովորում: Եթե գյուղապետարանի նախկին աշխատողները գյուղից դուրս գործ գտնեն, ընտանիքներով Բարեկամավանից կհեռանան եւ սահմանամերձ դպրոցի աշակետների փոքր քանակն ավելի կնվազի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս