Լոռու մարզի Ջիլիզա համայնքի միջնակարգ դպրոցում սովորում է 10 աշակերտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ջիլիզա համայնքը սահմանակից է Վրաստանին: Գյուղն ունի 125 բնակիչ, հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: Համայնքի հեռավորությունը շրջկենտրոն Ալավերդիից 30 կմ է: Սահմանամերձ գյուղը ստեղծման օրվանից գազաֆիկացված չէ, մանկապարտեզ եւս չկա գյուղում: Միջնակարգ դպրոցում սովորում է 10 աշակերտ: Գյուղն ունի բուժկետ, որտեղ առաջին օգնություն են ցուցաբերում հիվանդներին, իսկ երբ կարիք է լինում շտապօգնության, այն հասնում է Ալավերդու բժշկական կենտրոնից, քարուքանդ ճանապարհների ու 30 կմ հեռավորության պատճառով լավագույն դեպքում մեկ ժամում, որն, իհարկե, հիվանդի համար շատ հաճախ ճակատագրական է դառնում:

Համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանն ասում է, որ գյուղը ժամանակին սահմանային անցակետ է ունեցել Վրաստանի Հանրապետության հետ: Համայնքի բնակիչների կապը առավել շատ եղել է Վրաստանի Հանրապետության Խոժոռնի եւ Չանախչի գյուղերի հետ: Ջիլիզայից Խոժոռնի կամ Չանախչի ոտքով քայլելու համար 15-20 րոպե է պահանջվել: Ջիլիզեցիները տարիների ընթացքում այցելելով նշված համայնքներ, կապեր են ստեղծել, ամուսնացել, ընտանիք կազմել, ընտնանիքների մի մասը բնակվել է Վրաստանում, մի մասը՝ Ջիլիզայում:

Շուրջ 7 տարի է, ինչ սահմանային անցակետը հանվել է, ինչի հետեւանքով Վրաստան այցելելու համար ջիլիզեցին 1-2 կմ տարածք անցնելու փոխարեն ստիպված է 100 կմ գնալ ու նույնքան էլ հետ գալ գյուղ:

Համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանն ասում է. «Մի քանի տարի է, ինչ փակ է հայ-վրացական սահմանը, չունենք անցակետ, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում անցնել Վրաստանի սահման: Իմ ունեցած տեղեկություններով սահմանային անցակետի բացման հետ կապված ձգձգումների հիմնական մեղավորը Վրաստանի Հանրապետությունն է, հայկական կողմը բազմաթիվ անգամ քայլեր է ձեռնարկել, սակայն միակողմանի հնարավոր չէ անցակետ բացել»,-ասում է նա:
Տարիների ընթացքում գյուղից շատ ընտանիքներ են հեռացել ու այլ համայնքներում բնակություն հաստատել: Համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ սահմանային անցակետի բացումը ոչ միայն գյուղից հեռացողների աճը կկանգնեցնի, այլ նաեւ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի:

Նշենք, որ աշխատատեղեր գյուղում, որպես այդպիսիք, չկան, մի քանի հոգի գյուղապետարանում ու դպրոցում է աշխատում, մի քանիսն էլ՝ անտառտնտեսությունում:

Լիլիթ Ավետիսյան
Վանաձոր




Լրահոս