Երգչուհի Ռիփփին իր երկրպագուներին ուրախացնելու առիթ կունենա. նա աշխատում է փոփ, R&B-փոփ, փոփ-ռոք ոճերի միքսից ծնված նոր երգի վրա: Ռիփփին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ստեղծագործության երաժշտության հեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, իսկ խոսքերինը` ինքը: Երգը կունենա ե՛ւ հայերեն, ե՛ւ անգլերեն տարբերակներ: Ռիփփիի խոսքով` այն ունի յուրահատուկ թեմատիկա: Երգչուհին, սակայն նախընտրեց դեռեւս փակագծերը չբացել՝ հավելելով միայն, որ երգն անպայման կներկայացվի տեսահոլովակի տեսքով:
Ինչպես հայտնի է՝ Ռիփփին հանդես է գալիս նաեւ որպես դերասանուհի: «Դոմինո» սիթքոմի նոր` երրորդ եթերաշրջանում նրա մարմնավորած կերպարը` Կառան, նոր զարգացում կապրի. «Ասեմ, որ Կառայի անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, կիմանաք սիթքոմը դիտելուց հետո»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ, մեկ ու կես տարի առաջ, երբ Ռիփփին Ռուսաստանի Դաշնությունում էր, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ մտադիր է առաջիկայի իր պլանները կապել այդ երկրի հետ: Նա ապրում եւ աշխատում էր այնտեղ: Բայց, ահա, Հայաստան կատարած վերջին այցը փոխեց բոլոր պլանները:
«Այնպես ստացվեց, որ Հայաստանից մի շարք առաջարկներ ստացա եւ պայմանագրեր կնքեցի: Այդպիսով՝ վերդարձս դեպի Ռուսաստան հետաձգվեց: Այնինչ՝ ես ծրագրել էի Հայաստան գալուց 10 օր անց վերադառնալ ՌԴ: Ընկերներս անընդմեջ զանգահարում են, հարցնում, թե երբ եմ հետ գնալու: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի հետ շատ պլաններ չեմ կապում: Դրսում տրվող հնարավորություններն ավելի մեծ են: Ցավոք, մեր շուկան փոքր է, արտիստների հնարավորությունները` սահմանափակ»,-մեկնաբանեց Ռիփփին:
Հարցին, թե երգչուհին երգո՞ւմ էր Մոսկվայի ակումբներում եւ արդյոք ապագայի իր պլանները կապում է այդ քաղաքի հետ, Ռիփփին պատասխանեց. «Այնտեղ ակումբներում մշտական չէի աշխատում, այլ հանդես էի գալիս որպես հրավիրյալ երգչուհի: Հիմա էլ Մոսկվայի հետ կապված շատ ծրագրեր կան, սակայն մանրամասներ չեմ կարող հայտնել. ապագան դեռ անորոշ է»:
Աննա Բաբաջանյան