Երևանի տոնին միացած դարբիններն իրենց ձեռքով պատրաստված ծաղիկ են նվիրել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի փոքր կենտրոն, որտեղ վաղ առավոտից շուրջ 30 բեմերում մեկնարկել էին տարատեսակ տոնական միջոցառումները, որոնք համախմբել էին տարբեր տարիքի ու նախասիրությունների հազարավոր մարդկանց: Իրենց գոհունակությունը փոխանցելով Երևանի քաղաքապետին` մայրաքաղաքի բնակիչները նշել են, որ յուրաքանչյուր տարի անհամբերությամբ են սպասում տոնական այս օրվան, երբ մայրաքաղաքն իսկապես տոնախմբում է, արևի քաղաք Երևանի ջերմության պակաս էլ չկա: Շնորհավորելով բնակիչներին Երևանի ծննդյան օրվա առթիվ և շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` Երևանի քաղաքապետը նշել է, որ քաղաքային իշխանությունների համար ամենակարևորը բնակիչների գնահատականն է:

Բարձր տրամադրություն մաղթելով տոնախմբող երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին` Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ մայրաքաղաքի հերթական տարեդարձի շրջանակում կազմակերպված տոնական միջոցառումները բազմաթիվ հաճելի պահեր ու անմոռանալի հուշեր կպարգևեն նրանց:
Շրջայցի ընթացքում Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետին է միացել նաև տոնական Երևանում շրջող Փարիզի քաղաքապետը: Անն Իդալգոն Տարոն Մարգարյանի հետ կիսվել է իր տպավորություններով և ընդգծել, որ ուղղակի հիացած է` տեսնելով տոնին մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի ակտիվ մասնակցությունը: Փարիզի քաղաքապետը նաև նկատել է, որ դա ամենախոսուն փաստն է, որ Երևանի ծննդյան տարեդարձն իսկապես սպասված ու սիրված տոն է բոլորի համար:

Շնորհակալություն հայտնելով տոնի անմիջական մասնակիցը դառնալու և ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանը եղել ու լինելու է հյուրասեր և հյուրընկալ քաղաք, որի դռները միշտ բաց են բոլորի համար:

Հյուսիսային պողոտայի մի հատվածում Երևանի տոնին միացած դարբիններն իրենց ձեռքով պատրաստված ծաղիկ են նվիրել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս