ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՊՐԻՄԻՏԻՎ ԳՈՂՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԳՈՂԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վերջին նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ավիատոմսերի գնումների ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որպեսզի վերացնեն պրիմիտիվ գողությունը.«Մեր նպատակն է վերացնել պրիմիտիվ գողությունը: Բոլորդ Ձեր համակարգերում կարգի բերեք: Ինձ զեկուցել են, թե մինչեւ այժմ ինչ մեխանիզմներ են գործել, որն ուղղակի ֆանտազիայի ժանրից է»,- ասել էր նա: Թե ում նկատի ուներ Կ. Կարապետյանը եւ արդյոք խոսելով պրիմիտիվ գողության վերացման մասին՝ այդպիսով նա չէր ակնարկում, որ այսուհետ գողությունը պետք է կատարել ոչ պրիմիտիվ ձեւերով. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյան /Սասի Արտակ/
-Պարո՛ն Սարգսյան, ըստ Ձեզ՝ ում նկատի ուներ նորանշանակ վարչապետը՝ գող ասելով:
Լռում է ու ժպտում:
-Արդյոք նկատի ուներ նախկին վարչապետ Հ. Աբրահամյանին կամ նախկին նախարարներին, օրինակ՝ Սերգո Կարապետյանին, Գագիկ Բեգլարյանին եւ մյուսներին:
Լռում է ու ժպտում:
-Ըստ Ձեզ, կարո՞ղ է նորանշանակ վարչապետը, խոսելով պրիմիտիվ գողության վերացման մասին, ակնարկում է, որ գողանալուց պետք է անել ոչ պրիմիտիվ ձեւերով:
Լռում է:

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյան
-Պարո՛ն Այվազյան, նորանշանակ վարչապետ Կ. Կարապետյանը հայտարարել էր, թե ավիատոմսերի գնումների ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որպեսզի վերացնեն պրիմիտիվ գողությունը: Ո՞վ է, ըստ Ձեզ, գողը, ո՞ւմ նկատի ուներ վարչապետը:
-Պրիմիտիվ գողության մասին ինքը հայտարարեց պրիմիտիվ գողություն անողներին:
-Իսկ ովքեր են, ըստ Ձեզ, այդ պրիմիտիվ գողերը:
-Գիտեք, Դուք մի քիչ ծայրահեղացնում եք, Դուք ուզում եք՝ ես անձեր անպայման ասեմ:
-Իհարկե, կառավարության ղեկավարը հրապարակավ կառավարության անդամներին կոչ է անում վերացնել պրիմիտիվ գողությունը, ասել է թե՝ սա հաղորդում է հանցագոծության մասին: Բա չիմանանք, թե մեր տված հարկերից վարձատրվող որ նախարարն է եղել այդ գողը, կամ գուցե նախկին վարչապետը, աշխատանքից ազատված նախկին նախարարները…
-Եկեք մի քիչ հարգալից վերաբերվենք. սկսած մեր պետության բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաներից, ավարտած վերջին քաղաքացիով: Ինչի ենք մենք մտածում… Ինքը պրիմիտիվ գողություն անվանեց այն տարբերակով, երբ որ մարդիկ կարող են խաղարկել ավիատոմսի թանկ եւ էժանի միջեւ: Դուք ինչ եք մտածում՝ նախարարներից որեւէ մեկը ունակ է կամ պետական պաշտոնյաներից որեւէ մեկը ունակ է 500 դոլարանոց տոմսի փոխարեն առնի 300 դոլորանոց եւ ցույց տա 500 դոլար:
-Իսկ Դուք կարծո՞ւմ եք, որ այդպես չէ: Ի վերջո, Կ. Կարապետյանը, կարծես թե, հակառակ կարծիքին է, եթե հայտարարում է, որ պետք է վերջ տալ այդ երեւույթին:
-Ես դա բացառում եմ: Պետական կառավարման համակարգում աշխատում է մինչեւ 10 հազար մարդ, երբ որ ինքը խոսում է պրիմիտիվ գողության մասին, ասում է պրիմիտիվ անձնավորությունների մասին:
-Այսինքն՝ բարձրաստիճան անձա՞նց նկատի չի ունեցել, օրինակ՝ Հ. Աբրահամյանին, ԳՆ Ս. Կարապետյանին…
-Ձեզ սենսացիա է պետք, որ ասեմ էսինչյան էսինչին: Հարցը գնում էր նրա մասին, որ սրանից հետո ավիափոխադրումներ իրականացնելու կամ ուղեւորություն կատարելու ժամանակ, որ գործուղում ես գնում, ստեղծում եք մեկ հարթակ: Այսինքն՝ ստեղծում եք մեկ էլեկտրոնային սայթ, որից գնումներ իրականացնելու պարագայում իրականացնում ես դրա միջոցով:
-Իսկ գուցե նորանշանակ վարչապետը ակնարկում էր, որ գողանալուց պետք է կարգին, ոչ պրիմիտիվ անել:
-Եթե լրատվամիջոցներում այդ տեսակետն է պտտվում, դա նման է մոտավորապես Քրիստոսի պատվիրանների պես ասված մի բանի, այսինքն՝ ոչ մի անգամ չեք ուզում լավը տեսնել, կլինի որ մի քիչ էլ լավը տեսնեք :Ինչու եք այդպես մտածում՝ գողացեք մեծ չափով: Համենայնդեպս, ինքը կարգավորման մեխանիզմ է մտցնում:
-Կարգավորման մեխանիզմը պրիմիտիվ գողերին կզսպի՞:
-Կոռեկտ չէ Ձեր հարցը, հիմա Ձեր հարցադրմանը չպատասխանեի, կնեղանայիք, չէ: Սրանից հետո բացահայտ հայտարարում ենք, որ պետք է գնումները կատարենք էլեկտրոնային եղանակով եւ ցանկացած լրագրող, որ ուզենա, կարող է դա տեսնել:

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյան /Թունելի Հակոբ/
-Պարո՛ն Հակոբյան, ում նկատի ուներ Կ. Կարապետյանը պրիմիտիվ գողության մասին խոսելով, ո՞վ է գողը:
-Ասենք՝ Կարեն Կարապետյանը խոսք է ասել, եւ ես որոշեմ, թե ում է ասում:
-Փաստ է մեկ բան, որ վարչապետը կառավարությունում պրիմիտիվ գողեր է հայտնաբերել, չիմանանք, թե ում նկատի ուներ:
-Չունեմ տեսակետ: Խնդիրը ներկայացվել էր, որպեսզի հեշտացվի, կամ ճանապարհները, որոնք տանում են կառավարության կողմից ընդունված սկզբունքների խախտմանը, դրա դեմն առնվի: Իսկ թե ում նկատի ուներ կամ ինչ նպատակ ուներ, Կ. Կարապետյանի ասածը չեմ կարող մեկնաբանել, ինքը կարող է ասել:
-Ամեն դեպքում, կառավարության անդամների գերակշիռ մասը Ձեր կուսակից ընկերներն են, նրանց մեջ պրիմիտիվ գողություն անողներ կա՞ն:
-Պրիմիտիվ գողեր կան, թե չէ, եթե հարցը այդպես է, ուղղակի չգիտեմ:
-Ըստ Ձեզ՝ կարող է նորանշանակ վարչապետը, խոսելով պրիմիտիվ գողության մասին, ակնարկում է, որ գողանալուց պետք է կարգին գողանալ:
-Այս հարցը պետք է տալ այլ ատյաններում, ոչ թե ինձ: Ես հասկացա, որ փորձում են գողության դեմ պայքարել, ոչ թե գողերի:
-Դե, բայց եթե պրիմիտիվ գողությունը կա, ուրեմն գողերն էլ կան:
-Չէ, գողությունը լինում է տարբեր տեսակի, եղավ: /Ծիծաղելով մտնում է իր աշխատասենյակ/:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

«ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ ԽԱՅՏԱՌԱԿ ԴԵՊՔ ԷՐ»

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին բերման էին ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք` ասելով, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Սակայն մինչ այդ ոստիկանները Հովհաննիսյանին հեռախոսով տեղեկացրել էին, որ անհրաժեշտ է հանդիպել` պարզելու 2015 թ. սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ ոստիկանություն ներկայացված նրա հաղորդման մանրամասները: «Ժողովուրդ»-ը կատարվածի մասին զրուցել է Հմայակ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ո՞րն էր Ձեզ ձերբակալելու նպատակը:
-Խայտառակ դեպք է դա: Ես եթե մանրամասնեմ, պարզ երեւում է, որ նպատակ ունեին կտրող-ծակող իր ավելացնել իմ մոտ եղած իրերին: Բանը հասավ նրան, որ գուցե ընդհարում լիներ: Սակայն մինչ այդ ես զանգահարել էի Աշոտ Մանուչարյանին եւ խնդրել նրան տեղյակ պահել Արցախում դիրքերը պահող, քաղաքագետների միության վաստակը արժեւորող մեր ընկերներին, որ ես այսպիսի իրավիճակում եմ հայտնվել: Եվ միայն նրանց միջամտությամբ այդ ծրագիրը խափանվեց: Անգամ ֆիզիկական ընդհարման էր հասնում: Որեւէ ծանուցում չեմ ստացել իմ հետախուզման մեջ լինելու մասին: Ես ապրում եմ մի շենքում, որի բակում շաբաթը մեկ անգամ հավաքվում է ոստիկանությունը, ես միշտ անցնում եմ նրանց կողքով: Նրանք կարող էին մոտենալ ինձ եւ ասել, որ հետախուզման մեջ ես, հետեւի՛ր ինձ: Սա խայտառակ երեւույթ է:
-Լավ, իսկ ինչի՞ հետեւանքով առաջացավ ընդհարումը, որի մասին խոսում եք:
-Նրանք ասում էին՝ քեզ մոտ եղած պարագաները պետք է վերցնենք: Թող իրավաբանները ասեն, թե դա ինչ է նշանակում: Ասեցի՝ սրանք իմ իրերն են, որտեղ որեւէ վտանգավոր բան չկա: Ասում են՝ չէ, հիմա մենք դա կվերցնենք, հետո կվերադարձնենք: Ինձ մոտ եղել է միայն գումար, բանալիներ, կրակայրիչ, հեռախոս: Ես էլ ասացի՝ դուք վերցնելու եք, հետո ավելացնեք մի դանակ, ասեք՝ սա էլ է եղել քո իրերի մեջ, եւ ես ոչինչ դրանից հետո չէի կարող ապացուցել, որից հետո ինձ ձերբակալելու էին: Սա էր ծրագիրը:
-Այդ ժամանակ Ձեզ ասացի՞ն, թե որն էր Ձեր նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառը:
-Հետախուզում են հայտարարել եւ բերման ենթարկել նրա համար, որ ես դատական վճիռը չեմ կատարում: Դատարանի վճիռն էլ աբսուրդ է: Ես պատգամավորության թեկնածու էի, «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ բակում մոտեցել եմ կանանց եւ նրանց անպատվել եմ: Տեսանյութը կա, որտեղ պարզ երեւում է, որ դա տեղի է ունեցել քաղաքագետների միության շքամուտքի դիմաց, երբ արգելափակվել է իմ մուտքը իմ նախընտրական շտաբ: Հետագայում պարզվեց, որ գործը վերահսկող դատախազը Արտաշես Գեղամյանի որդին է:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱՎԵՐԸ՝ ԽԱԽՏՈՒՄՈՎ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով գնել է շինանյութ: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել: Բանն այն է, որ հայտարարության հայտերի ներկայացման վերջնաժամկետը` այս տարվա հոկտեմբերի 4-ը, չի համապատասխանել «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 83-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին: Բացի այս, հրավերի 21-րդ եւ 43-րդ չափաբաժիններով ներկայացված գնման առարկաների բնութագրերը չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին:

 

 

43 ԱՎԻԱՏՈՄՍ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում մասնակցել է ՀՀ եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջեւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս այցի համար պետական բյուջեից ծախսվել է 15 մլն 50 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարությունը օգոստոսի 10-ին պայմանագիր է կնքել «Ավիատուր գրուպ» ընկերության հետ եւ գնել է 43 հատ էկոնոմ կարգի ավիատոմս՝ Երեւան-Մոսկվա-Մինսկ-Մոսկվա-Երեւան ուղղություններով: Նշենք, որ յուրաքանչյուր ավիատոմսի համար վճարվել է 350 հազար դրամ: Թե որքանով է արդարացված 43 անձի մասնակցությունը ինչ-որ քննարկման, թողնում ենք ձեզ:

 

 

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ
Երբ հայտնի դարձավ, որ «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին Հայաստանից եւս պատվիրակություն է մասնակցել, ինչի մասին ո՛չ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ո՛չ էլ ՀԱՕԿ-ը տեղյակ չեն եղել, հայտարարվեց, որ խնդրին անհրաժեշտ է իրավական լուծում տալ, որպեսզի ապագայում եւս նման դեպքեր չկրկնվեն: Մասնավորապես, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարեց, որ օրենքի նախագիծ է մշակում, որով ֆեդերացիաները պարտավորված կլինեն լիցենզավորվել, եւ ինքնակոչները կզրկվեն իբրեւ ֆեդերացիա հանդես գալու եւ Հայաստանի անունից հանդես գալու հնարավորությունից: «Ժողովուրդ»-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից փորձեց պարզել, թե համապատասխան նախագծի մշակումն ինչ փուլում է: Ի պատասխան՝ նշված գերատեսչության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն ասաց. «Նախագիծը գտնվում է համաձայնեցման փուլում, կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո նախատեսվում է նոյեմբերին այն ուղարկել ԱԺ»:




Լրահոս