ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ԿՊԱՀԵՆ ՆԵՂԱՑԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության վերնախավում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում պաշտոնազրկվում եւ «թոշակի» են ուղարկվում նաեւ իշխանական բուրգի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք մինչ այդ համարվում էին ՀՀԿ-ի իշխանության հենասյուները: Եւ այսօր օրակարգային է դարձել հարցը, թե ստեղծված իրավիճակում իրենց ինչպես կպահեն «գահընկեց» արվածները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու համար ներկայացնենք «գահընկեց» արվածներին եւ նրանց ազդեցության գոտիները:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան. հայտնի է, որ Արարատի մարզի մի զգալի մասը գտնվում է Աբրահամյանների ընտանիքի տիրապետման տակ: Եթե Աբրահամյանների կլանը հրաժարվի իր ազդեցությունն ի նպաստ ՀՀԿ-ի օգտագործել, ապա իշխող կուսակցությունն Արարատի մարզում լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել: Իհարկե, ՀՀԿ-ն Արարատի մարզում ունի եւս մեկ հզոր կլան` ի դեմս «Ավշար» գինու գործարանի սեփականատերեր, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եւ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանի, որը շուտով մարզպետ կնշանակվի: Սակայն ՀՀԿ-ն չի կարող միայն վերջիններիս վրա հույս դնել, առավել եւս, եթե Աբրահամյանների ընտանիքը որոշի քվեների ապահովման գործընթացին չխառնվել: Հովիկ Աբրահամյանի շրջապատում չեն թաքցնում, որ նա իր կուսակիցներից «նեղացել» է իր հետ նման կերպ վարվելու եւ ԱԺ ընտրություններից յոթ ամիս առաջ պաշտոնանկ անելու համար: Ի վերջո, ԱԺ ընտրություններից հետո կառավարությունը մեխանիկորեն պետք է արձակվի, եւ նորը կազմավորվի՝ ըստ նոր խորհրդարանի քաղաքական կառուցվածքի: Հետեւաբար այս փուլում Աբրահամյանի պաշտոնանկությունն ուղղակի նշանակում է, որ իշխանական վերնախավն ուղղակի անվստահություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյան. վերջինս համարվում է իշխանական վերնախավի այն եզակի անձանցից մեկը, որը ի վիճակի է Երեւանի կենտրոնում իշխանությունների օգտին քվեներ «ապահովել»: Հայտնի է, որ նա այդ խնդիրը մշտապես լուծել է քրեական աշխարհի հետ ունեցած իր կապերի եւ վարչական ռեսուրսների համադրությամբ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ի օգտին հնարավոր էլ չէ քվեներ «ապահովել», ոչ միայն Երեւանի կենտրոնում, այլ նաեւ ամենահեռավոր գյուղում: Գագիկ Բեգլարյանի նեղացվածության հանգամանքը եւս ակնհայտ է, բավական է նշել, որ նա բոյկոտեց եւ չմասնակցեց իր փոխարինողին` Վահան Մարտիրոսյանին ՏԿ նախարարության աշխատակազմին ներկայացնելու արարողությանը:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան. վերջինս մշտապես համարվել է Հայաստանի ամենաստվերային գործիչներից մեկը: Հայտնի է, որ Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանն ամբողջությամբ գտնվում է Խաչատրյանների կլանի վերահսկողության տակ, եւ հենց նրանց միջոցով է իշխող ՀՀԿ-ն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեների խնդիրը լուծել: Իհարկե, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Բեգլարյանի՝ ֆինանսների նախկին նախարարը համարվում է չափից ավել զգուշավոր մարդ, որն իր իրական մտադրությունները, որպես կանոն, շատ հմտորեն թաքցնում է, սակայն իշխանական շրջանակներում այն համոզմունքը կա, որ նա եւս նեղացած է, բայց փորձում է այդ հանգամանքը թաքցնել: Խաչատրյանի նեղացվածության պատճառներից մեկն էլ այն է, որ նա ընկալվում է պետական եկամուտների հավաքագրման ոլորտի ամենալավ մասնագետներից մեկը եւ ՊԵԿ-ը իրենից խլելը համարում է անարդար որոշում: Ի վերջո, նա մեկուկես տասնամյակ հարկային եւ մաքսային մարմինները ղեկավարելով՝ չնայած սրընթաց հարստացել է, բայց մյուս կողմից էլ ազնվորեն «մուծվել» է:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն իրենց ազդեցությամբ չեն կարող ոտք գցել Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի կամ Գագիկ Խաչատրյանի հետ, սակայն նրանք էլ իրենց չափով քվե ապահովողներ են: Յոլյանն, ի դեպ, Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ քավորսանիկական կապով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի միջոցով: Բացի այդ՝ նախորդ ընտրություններում Յոլյանը ՀՀԿ շտաբի պետի տեղակալներից էր:
Իշխանական վերնախավում լուրջ մտավախություն ունեն, որ պաշտոնանկ արվածները կարող է սկսեն գործել հօգուտ հակառակորդների: Մասնավորապես, կասկածներ կան, որ նրանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում բացահայտ կամ ստվերային կերպով կաջակցեն նախկին իշխանավորների կողմից ստեղծված կուսակցություններից որեւէ մեկին:
Մեր տեղեկություններով՝ իշխանական բուրգի ամենավերին օղակում իրադարձությունների զարգացման նման հեռանկարը չբացառելով՝ ներիշխանական մի «շրջաբերական» են տարածել, ըստ որի՝ «նեղացածների» կողմից ուրիշ քաղաքական ուժերին սատարելը կդիտվի որպես դավաճանություն: Նման որակումը ենթադրում է, որ եթե իշխանական բուրգի որեւէ ներկայացուցիչ եթե փորձի ՀՀԿ-ից բացի ուրիշի օգտին գործել, ապա իր հետ կվարվեն ինչպես դավաճանի, այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ քանի որ իշխանական վերնախավի ներկայացուցիչները եւ հատկապես վերը բերված անձանցից յուրաքանչյուրի վերաբերյալ տրցակներով կոմպրոմատներ կան, իշխանությունները կարող են նրանց սնանկացնել հաշված օրերի ընթացքում: Մյուս կողմից իշխանական վերնախավը բոլոր նեղացածներին միաժամանակ տեղեկացրել է, որ ցանկության դեպքում նրանք կարող են պատգամավոր դառնալ, ինչը նրանց դեպքում ավելի շատ անպատվաբեր կլինի:
Մի խոսքով, Հայաստանի քաղաքական կյանքն առաջիկա ամիսներին գնալով դառնալու է ավելի հետաքրքիր եւ անակնկալներով լի: Իսկ թե այս կես տարին ում համար այն ինչ ավարտ կունենա, ցույց կտա ժամանակը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՆՉ ԿԼԻՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԵՏ
Երեկ խորհրդարանում մեկնարկեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում 22 օրենսդրական փաթեթ է ներառված: Պատգամավորները չէին թաքցնում, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի վերջին օրը նման ծավալուն օրակարգով արտահերթ նիստ հրավիրելն իրենց սրտով չէ: Հատկապես զայրացրել էր «Հարկային օրենսգրքի» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը հապշտապ ձեւով անցկացնելու կառավարության փորձը: Ավելին՝ ակնհայտ էր, որ կառավարությունը հարկային օրենսգիրքն առաջին ընթերցումից հետո առանձնապես չի փոխել: Սա այն դեպքում, երբ այդ օենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելիս կառավարությունը խոստացել էր նախագիծը լուրջ խմբագրելուց հետո միայն երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ներկայացնել: Ավելին՝ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը եւս հարկային օրենսգրքի նախագծին դեմ էին արտահայտվել եւ սպառնում էին, որ եթե փաստաթուղթը կարգի չբերվի, ապա երկրորդ ընթերցման ժամանակ իրենք կողմ չեն քվեարկի: Ուստի այս տեսանկյունից ուշագրավ է, թե կառավարությունն ինչպես է փորձելու արտահերթ նիստով հարկային օրենսգիրքը սղացնելով անցկացնել:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎԵՆԴԵՏԱՅԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ»-ի Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանից փորձեց պարզել, թե Գյումրիի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ինչու էր Գյումրու գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը մեկնել Չինաստան: «Թե ինչու էր պարոն Բալասանյանը գնացել Չինաստան թող ինքը տա բացատրությունը: Միգուցե վաղուց պլանավորված էր, դա արդեն իր խնդիրն է»,- պատասխանեց Ավետիսյանը: Մեր այն հարցին, թե ինքը Բալասանյանի հետ զրուցել է Գյումրիում արձանագրված ողբերգական դեպքի՝ երիտասարդի մահվան մասին, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Բալասանյանը վերադարձել է, եւ դեռ առիթ չի եղել Գյումրիում տեղի ունեցած թեմայի մասին խոսել»: Իսկ ինչ վերաբերվում է Վարդեւան Գրիգորյանի որդիների՝ մահացած երիտասարդի եղբայրների այն խոստմանը, որ իրենք հաշվեհարդար կտեսնեն կատարվածի պատասխանատուների հետ, պատգամավորն ասաց. «Որեւիցե մեկը չգիտի դրդապատճառի մասին, եւ խոսել վենդետայի մասին, սխալ է: Ես չգիտեմ որեւէ մեկին, որն այսօր կարող է դրդապատճառի մասին խոսել»:

 

 

ՈՎ ԿԴԱՌՆԱ ՀԱՊԿ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը հնարավոր է՝ առաջիկայում նշանակվի ՀԱՊԿ քարտուղար: Այս լուրերն առաջին հայացքից անհավանական են թվում, քանի որ Արմեն Գեւորգյանն իր ողջ կարիերայի ընթացքում զինվորական պաշտոն երբեւէ չի զբաղեցրել: Բայց մյուս կողմից էլ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Ուստի առաջիկա օրերին պարզ կդառնա, թե նշված լուրերը որքանով են իրատեսական:

 

 
ՆՈՐ ԶՈՀ
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի վերին ձախ հատվածի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեւակ Հովհաննեսի Խաչատրյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

 

 

ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ՞
OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ Փոթիի նավահանգստի բաժնեմասերի 49%-ը պատկանում է ՌԴ պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը: «Մենք ցանկանում ենք հասկանալ` ինչպես է դա տեղի ունեցել, եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ: Ադրբեջանի մասով մի հետաքրքիր օրինաչափություն կա: Ինչպես նշում է լրագրող Հադիջա Իսմաիլովան, որ երբեք ինքը չի սկսում պատմությունը Ալիեւներից, սակայն ինչ-որ մի տեղ ամեն ինչ գալիս եւ կապվում է այդ ընտանիքի հետ: Ադրբեջանի մասով բոլոր պատմությունները ավարտվում են նրանով, որ մենք փորձում ենք հասկանալ, թե էլ ինչի մեջ են ներգրավված Ալիեւները: Հայաստանի մասով չեմ կարող ասել՝ կլինեն նոր բացահայտումներ, թե ոչ»:
 

ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ
Ազգային ժողովի դիմաց «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով կալանավորված երիտասարդների ընտանիքների անդամները երեկ պահանջել են համաներում կիրառել իրենց որդիների նկատմամբ: «Ազատ արձակե՛ք մեր տղաներին», «Վերջ տվե՛ք անօրինականությանը» պաստառներով հավաքվածները հավաստիացրել են, որ կալանավորումն անօրինական է, որովհետեւ նրանք «Սասնա ծռերին» չեն աջակցել, ընդամենը տարբեր կենցաղային հարցերի պատճառով գտնվել են իրադարձությունների կիզակետում:

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԲԱՔՈՒ
ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը երկուշաբթի օրը ժամանել է Բաքու, որտեղ կհետեւի սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի ընթացքին: ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում 7 մարդ է ներառված: Ընդհանուր առմամբ դիտորդների թիվը կազմում է մոտ 53 հազար:




Լրահոս