ԵԹԵՐԻ ԱՂՏՈՏՈՒՄ ԹԵ՞ «ԿԵՂՏԻ» ՄԱՔՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` համացանցում ակտիվ կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նոր նախագիծը` «Ամենակարող երգիչը», որի շրջանակում հարթակ է տրամադրվել 6/8 ժանրի կատարողների: Նրանց գնահատում է ժյուրին, որի կազմում են Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երգչուհի, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ վերոնշյալ ժանրի կարկառուն ներկայացուցիչ Հայկ Ղեւոնդյանը, նույն ինքը` Սպիտակցի Հայկոն, ով, ի դեպ, կարծիք հայտնելով մասնակիցներից մեկի ելույթի վերաբերյալ, ասել է. «Խաղերդ ավելի վստահ, բոլորն էլ ռեստորանային կյանքով են էսօր…»: Նախագծի հաղորդավարներն են հումորիստ Աշոտ Ղազարյանն ու երգչուհի Անի Քրիստին:

Ծրագիրը նոր է հայտնվել էկրաններին, բայց արդեն իսկ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որի մասնակիցները պնդում են, որ «Ամենակարող երգիչը» իսկական սպանդ է հայ մշակույթի նկատմամբ: Նրանք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից եւ ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել հաղորդման ցուցադրումը: «Այն, որ բոլորս էլ հարսանիքների կամ քեֆ-ուրախությունների ժամանակ լսում ենք ռաբիս երաժշտություն, ոչ ոքի համար գաղտնիք չէ, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ պետք է ռաբիսը բերենք ու ներկայացնենք որպես մշակութային ճյուղ: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանին հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանի որ այդ կառույցի գործունեության հիմնական նպատակը հասարակությանը կրթելն ու զարգացնելն է, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար: Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջին, ապա Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ կառույցը ֆինանսավորվում է պետական բյուջեից»,-ասված է ստորագրահավաքը նախաձեռնողների հայտարարության մեջ:
Նշենք նաեւ, որ «Ամենակարող երգիչ» նախագծին անդրադարձել են մշակույթի մի շարք ականավոր գործիչներ: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն սպառում է հույսի նշույլը: Եվ հաղորդումը վարելու են ճանաչված, սիրված ՀՀ ժողովրդական արտիստներ… Ոտքի, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել… 25 տարի առաջ մենք չէինք էլ կարող պատկերացնել, թե ուր կարող է մեզ հասցնել այս աստիճան թողտվությունը… Ամեն դեպքում հարկավոր է ինչ-որ բան փրկելու գոնե փորձեր անել…»:
Երգիչ, երգահան Վահան Արծրունին էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «25 տարի առաջ էր պետք նման նախաձեռնությամբ հանդես գալ: Իրենց ժամանակն է, իրենք էլ վայելում են, չէ՞ որ նրանք ժողովրդական են եւ լուրջ վաստակներ ունեցող արվեստագետներ, եւ սա, վերջիվերջո, իրենց երկիրն է: Եթե փաստարկներս համարեք թույլ, նորից դիտեք մի քանի օր առաջ ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված մարզահամերգային խրախճանքը»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Նադեժդա Սարգսյանի հետ. «Ժամանակին մեր ռեստորաններում շատ լավ երաժշտություն էր հնչում, բայց այսօր տեսեք` ինչ է կատարվում: «Ամենակարող երգիչ»-ը նպատակ ունի նպաստելու, որ ռեստորաններում էլ երգեն գրագետ երգիչներ եւ կատարվեն գրագետ երգեր, որ նույնիսկ ռեստորանային երաժշտությունը մաքրվի: Ժյուրին քննադատաբար է մոտենում ռաբիս երաժշտությանը: Ինչո՞ւ: Որպեսզի այդ երգիչ-երգչուհիները ռեստորաններում երգեն մեր ժողովրդին հարիր երգեր: Պետք է կարողանանք մաքրել այն, ինչ կատարվում է մեր երգարվեստում: Դա է մեր խնդիրը: Իսկ մաքրել հնարավոր է միայն ասելով. «Ո՛չ, դու մի՛ երգիր այդ երգը, որը հայեցի չէ: Դու լավ տեմբր ունես, կարող ես ավելի լավ բան երգել»: Ամեն ինչ է արվում, որ կեղտը մաքրվի: Ամենակարող երգիչ կդառնա նա, ով տարբեր ժանրերում կկարողանա մաքուր ներկայանալ: Առաջին հաղորդման շրջանակում գրագետ երգիչներն իսկույն երեւացին»,-մեկնաբանեց նա:
Երգչուհու խոսքով` ժյուրիի անդամները չեն ուզում, որ հարեւան Ադրբեջանը լսի մեր ռեստորաններում հնչող երաժշտությունն ու ուրախանա. «Մենք այդ լադերից արդեն հոգնել ենք, բայց խոսքով, կռվով չենք կարող դրանց դեմն առնել: Միայն այս կերպ է հնարավոր դրանց դեմ պայքարել: Մասնակիցները պետք է իրենք իրենց հեռուստացույցով տեսնեն ու խայտառակ լինեն, էլ էդպես չերգեն: Ես չեմ ուզում, որ մեր հայտնիները, որոնք երգում են ռեստորաններում, ստիպված լինեն փոխելու իրենց ոճը: Այդ մենք պետք է փոխենք ռեստորաններում տարածված ոճը»,-ասաց նա:
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն էլ մեզ հետ զրույցում մեկնաբանելով նախագծի վերաբերյալ քննադատությունները՝ նշեց. «Դա մրցույթ է, որը կարող է մեկին դուր գալ, մյուսին ոչ. ես չեմ ուզում գնահատական տվողը լինել: Կարեւորն այն է, որ նախագծի շրջանակներում ժյուրին վատին ասում է վատ, մի քիչ լավին` մի քիչ լավ: Բնականաբար, ոչ մի խրախուսանք չէր կարող լինել»:
Անդրադառնալով Հասմիկ Պապյանի տեսակետին՝ պրոդյուսերն ասաց. «Շատ հարգում եւ սիրում եմ այդ երգչուհուն, բայց քննադատելը հեշտ է. պետք է առաջարկել ինչ-որ բան: Մենք չունենք առաջարկ»:
«Ժողովուրդ»-ը առաջիկայում կներկայացնի թեմայի շուրջ նաեւ Հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ մշակույթի նախարարության մեկնաբանությունները:

 

 

 
ՕՏԱՐԱԶԳԻ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Երգչուհի Սիլվա Հակոբյանի երկրպագուները չեն դադարում հետաքրքրվել նրա գործունեությամբ եւ պահանջներ ներկայացնել: Սոցցանցերում նրանցից շատերը գրում են, որ սպասում են Սիլվայի նոր տեսահոլովակին եւ նրա երեւանյան մենահամերգին:

Ընթերցողներին հիշեցնենք, որ երգչուհու հայրը` Հակոբ Հակոբյանը, ով նաեւ նրա պրոդյուսերն է, ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ մենահամերգով հանդես գալու գաղափարն արդեն «եռում է», եւ, հավանաբար, 2016-ին իրենք կզբաղվեն դրա իրականացմամբ: Այժմ արդեն Հ. Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ այս տարի չեն հասցնի մենահամերգի հետ կապված նպատակը կյանքի կոչել. «Միանշանակ, մտածում ենք այդ ուղղությամբ, բայց երեւի թե դրանով կզբաղվենք հաջորդ տարի»:
Պրոդյուսերի խոսքով` երգչուհին 30-ից ավել չհրապարակված երգեր ունի, եւ մտածում է դրանցից երկուսի (հեղ.` Մանե Հակոբյան) հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մասին. «Պարզապես անընդհատ ճամփորդում ենք, համերգային շրջագայությունների մեջ ենք, ուստի չենք հասցնում դրանով զբաղվել: Երգերից մեկը, օրինակ, մեղեդային բնույթ եւ սիրային թեմատիկա ունի, այն կոչվում է «Սիրո աստղ», իսկ, ահա, մյուսը ավելի ռիթմիկ գործ է, կոչվում է «Գնանք պարելու». դրա միջոցով Սիլվան կոչ կանի բարձր պահել տրամադրությունն ու միանալ իրեն»:
Հ. Հակոբյանը նշեց նաեւ, որ հոկտեմբերից նոյեմբեր Սիլվան բացակայելու է երկրից. նա Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարբեր քաղաքներում հանդես է գալու շուրջ 30 համերգներով:
Այն, որ Սիլվան մշտապես պլագիատի զոհ է դառնում, արդեն գաղտնիք չէ. արտերկրի մի շարք կատարողներ հաճախ գողանում են նրա երգերը: Բայց այս ամենից զատ, պարզվում է, մի շարք օտարազգի երգիչներ պարբերաբար կապ են հաստատում Սիլվայի հետ եւ խնդրում, որ հեղինակային իրավունքները պաշտպանելով հանդերձ` կատարեն նրա երգերը` իրենց հարազատ լեզվով: Հ. Հակոբյանի խոսքով` Սիլվային այդ հարցով հասցրել են դիմել երգիչներ Հունաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Ուզբեկստանից, Բուլղարիայից եւ մի շարք այլ երկրներից: Երգչուհին էլ սիրով տվել է իր համաձայնությունը:
Սիլվայի երկրպագուներին հուզող հարցերից մեկն էլ վերաբերում է նրա եւ իտալացի հայտնի երգիչ Պատրիցիո Բուանեի դուետին (Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր նրանց կատարմամբ «Ով սիրուն, սիրուն» երգը իսպաներենով): Շատերին հետաքրքրում է` երբ է իրենց կողմից սիրված այդ կատարումը ներկայացվելու տեսահոլովակի տեսքով. «Նման ծրագրեր արդեն կան, բայց թե կոնկրետ երբ կիրականացվեն, դեռ չեմ կարող ասել: Միայն կնշեմ, որ նպատակ ունենք Բուանեին հրավիրելու ձմռանը կայանալիք «Տաշի շոու»-ին, եւ եթե դա ստացվի, Սիլվան ու Պատրիցիոն շոուի ընթաքում հանդես կգան իրենց դուետով»,-եզրափակեց պրոդյուսերը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

YEREVAN JAZZ FEST-Ի ՄԱՍԻՆ
Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձություններից մեկը Հայաստանում` Yerevan Jazz Fest ամենամյա ջազ¬փառատոնը: Ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 13-16-ը եւ իր ծավալով եւ հնչեղությամբ կգերազանցի նախորդ տարվա փառատոնին: Yerevan Jazz Fest-ն այս տարի նվիրվելու է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, «Գրեմմի» մրցանակակիր Ջորջ Ավագյանին: Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա «Հայերը` ջազում» խորագրով համերգը, որի ընթացքում ելույթ կունենան Լեւոն Մալխասյանը, Ալինա Ենգիբարյանը, Արմեն Թութունջյանը, Թավիթջան Եղբայրները եւ Մո Փլեժրը:

 

 

ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հոկտեմբերի 3-ին իր պաշտոնական նստավայրում` Սպիտակ տանը, կազմակերպել օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյի նոր` «Ջրհեղեղից առաջ» (Before the Flood) ֆիլմի ցուցադրությունը: The Independent-ի փոխանցմամբ` նախկինում որեւէ նախագահի օրոք նման նախադեպ չի եղել: Նշենք, որ «Ջրհեղեղից առաջ» ֆիլմը կլիմայական փոփոխությունների մասին է: Կինոնկարի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում` քաղաքական գործիչների, գիտնականների ու արվեստագետների մասնակցությամբ:

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱԺԱՆՎՈՒՄ
Արդեն մի քանի օր է` միջազգային մամուլն ակտիվ կերպով քննարկում է հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը: Տարբեր ԶԼՄ-ներ, անդրադառնալով զույգի բաժանության պատճառներին, առաջ քաշեցին մի շարք վարկածներ: Նախ` խոսվեց այն մասին, որ Փիթի ու Ջոլիի ամուսնալուծության պատճառը Փիթի ու զույգի որդեգրած երեխաներից մեկի` 15-ամյա Մեդդոքսի վիճաբանությունն է եղել օդանավում (այդ վեճից հինգ օր անց Ջոլին ապահարզան պահանջեց), հիմա էլ շրջանառվում է այն վարկածը, որ տարաձայնությունների առիթ են դարձել Ջոլիի քաղաքական նկրտումները: TMZ ամսագրի փոխանցմամբ` դերասանուհին երազում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին: Ըստ նույն աղբյուրի` Փիթը դեմ չի եղել կնոջ գործունեությանը` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպանի պաշտոնում, սակայն նրան զայրացրել է այն հանգամանքը, որ Ջոլին հակամարտության գոտիներ ուղեւորվելիս իր հետ տարել է երեխաներին: Իրավիճակն ավելի է սրվել, երբ դերասանուհին ցանկացել է երեխաներին իր հետ Սիրիա տանել: Անդրադառնալով Ջոլիի ու Փիթի ներկայիս հարաբերություններին` The Sun-ն էլ գրում է, որ դերասանուհին չի պատասխանում նախկին ամուսնու հեռախոսազանգերին եւ երեխաների հետ տեղափոխվել է Մալիբու, նրան մխիթարում է հոլիվուդյան աստղ Ջոնի Դեփը, որի անձնական կյանքը, ի դեպ, նույնպես հարթ չէ. նա եւս «թաթախված է» ամուսնալուծության գործընթացի մեջ:




Լրահոս