ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 30 հազար 28 տոննա լոլիկ: Մասնավորապես, ապրիլին, մայիսին եւ հունիսին լոլիկի արտահանման ծավալները կազմել են ամսական մոտ յոթ հազար տոննա: Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարվա ընթացքում Հայաստանից ընդամենը 1130 տոննա լոլիկ է արտահանվել: Նկատենք, որ լոլիկի արտադրության նման մեծ ծավալները միայն կախարդական փայտիկի միջոցով կարող էին հայտնվել: Ինչո՞ւ, որովհետեւ դրանք արդեն անհետացել են: Բանն այն է, որ այս տարվա հուլիսին Հայաստանից ընդամենը 142 տոննա լոլիկ է արտահանվել Ռուսաստան: Հիշեցնենք, որ հուլիսից ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սկսեցին ջերմանալ, եւ Ռուսաստանն իր շուկան կրկին բացեց թուրքական ապրանքների համար:
Իհարկե, հարց առաջացավ, թե մեր լոլիկի արտահանումը թուրքական լոլիկի հետ ինչ կապ ունի: ՉԷ՞ որ Հայաստանի նժդեհական իշխանությունները, հատկապես քառօրյա պատերազմից հետո, չէին կարող իրենց թույլ տալ թուրքական լոլիկ ներկրել ու հայկականի անվան տակ արտահանել Ռուսաստան: Մեր իշխանությունները չէին կարող այդքան անբարոյական գտնվել` մի կողմից քարոզել, որ թուրքական ապրանքները չգնեն, իսկ իրենք զբաղվեին Ռուսաստանում թուրքական լոլիկների իրացումը կազմակերպելով:
Բայց այս պայմաններում մի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ 723 տոննայի փոխարեն ՌԴ է արտահանվել ավելի քան 30 000 տոննա, մոտ 40 անգամ ավել:

 

 

 

Սերժ Սարգսյանը երեկ միանգամից 11 նախարարների նշանակեց, այսպիսով ՀՀ կառավարությունն ամբողջական կազմավորված լինելու համար պակասում են ընդամենը երկու՝ ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները: Նոր կառավարության հիմնական ինտրիգը հենց այս երկու պորտֆելների ապագա տիրոջ հարցն է: Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, մինչեւ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հնարավոր է՝ վստահվի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վերջինիս անունը մինչ այս շրջանառվում էր որպես ԱԳ ապագա նախարարի: Նոր իրավիճակում առայժմ անհայտ է մնում, թե Սերժ Սարգսյանն ում է պատրաստվում վստահել ԱԳ նախարարի պաշտոնը: Արդյոք նա Էդվարդ Նալբանդյանին հնարավորություն կտա եւս վեց ամիս պաշտոնավարել, թե հենց այս փուլում նրան ցտեսություն կասի, պարզ կդառնա առաջիկա չորս օրերին: Հիշեցնենք, որ կառավարության կազմավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է:

 

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձած փաստերը վկայում են, որ Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել էր, թե երիտասարդի դին գտել են Գրիգորյանների տան նկուղում, այնինչ՝ նրան գտել են ավտոտնակում: Եւ քննչական կոմիտեում չէին կարող այս մասին տեղյակ չլինել: Ավելին՝ դեպքի վայրի փոփոխությունը տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ փոխում է: Բանն այն է, որ ըստ Գրիգորյանների մերձավորների՝ տան նկուղի մուտքը տեսախցիկների տեսադաշտում է: Իսկ ավտոտնակի, ընդ որում, հին ավտոտնակի, որը դեպքի վայրն է, ավելի հեռու է: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այն երկու մուտք ունի, որոնցից մեկը փողոցի կողմից է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրավապահները ի սկզբանե ծրագրել են, թե տեղի ունեցածը ինչպես պիտի ներկայացնեն, իսկ փաստերը չեն էլ հետաքրքրում:

 

 

 
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս 2014 թվականի մայիսի 20-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր իր կառավարության ծրագիրը, հայտարարեց, որ նախկին վարչապետների ակումբ «կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի»: ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված ակումբի շրջանակներում նախկին վարչապետներով մեկ-երկու անգամ են հավաքվել: Սակայն հետագայում Աբրահամյանը հանդիպելու նախաձեռնություն չի ցուցաբերել: Ի դեպ, ուշագրավ կլինի, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նախաձեռնության հետ ինչպես կվարվի՝ կվերակենդանացնի այն, թե մոռացության կմատնի: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կառավարության լրատվականից այս հարցի պատասխանը պարզել:

 

 

 
ԼՈՂԻ ՉԵՄՊԻՈՆԱՏ
Երեկ, ի թիվս այլ վերանշանակումների, նախարարի պաշտոնում վերանշանակվեց նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Մի տարբերությամբ, սակայն, որ պարոն Մինասյանը, ընդամենը 6 ամիս զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, երեկ նշանակվեց արդեն բնապահպանության նախարարի պաշտոնում: Այդպիսով՝ պահպանելով կոալիցիոն համաձայնությամբ իրեն հատկացված երեք նախարարական պորտֆելները, Հայ հեղափոխական դաշնակցությունը, այնուամենայնիվ, ստիպված եղավ գնալ որոշակի զիջման՝ կոնկրետ Արծվիկ Մինասյանի կողմից պորտֆելի փոփոխության, էկոնոմիկայի այլեւս անվանափոխված նախարարության ղեկավարումը թողնելով Կարեն Կարապետյանի համար առավել նախընտրելի թեկնածուի:
Թե որքանով այդ թեկնածուն ավելի արդյունավետ կաշխատի, ցույց կտա ժամանակը, սակայն այն, թե ՀՅԴ-ն ինչպիսի պատճառաբանություն ներկայացրեց Արծվիկ Մինասյանի «պորտֆելափոխության» համար, բավականին տարակուսելի էր: Մասնավորապես՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանը «չունի բիզնեսի հետ առնչություն», իսկ նոր վարչապետը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում «բիզնես մտածողությամբ անձի է տեսնում»: Պարոն Վարդանյանի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Արծվիկ Մինասյանը չուներ բիզնես մտածողություն, եւ այստեղ հարց է ծագում. եթե դա այդպես էր, ապա ինչու էր ՀՅԴ-ն բիզնեսի կայացման եւ զարգացման համար առանցքային՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակել մեկին, ով չուներ բավարար բիզնես մտածողություն:
Լավ, գիտենք, որ եթե Դաշնակցությունը որոշի, ապա Գեղամ Մանուկյանն անգամ «լողի չեմպիոն» կդառնա, իսկ Արծվիկ Մինասյանն էլ, փաստորեն, էկոնոմիկայի նախարարից կդառնա բնապահպանության նախարար, բայց ինչ կարիք կա նման հայտարարություններով հարվածի տակ դնել սեփական կուսակցի կարողությունները: Առավել եւս, երբ խոսքը այնպիսի դրական առումով բացառության մասին է, ինչպիսին Արծվիկ Մինասյանն է:
Մյուս կողմից էլ Դաշնակցությունը մշտապես հայտարարել է, որ իրենք մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի պակաս չունեն, եւ եթե դա այդպես է, գուցե այդուամենայնիվ, ՀՅԴ-ն բնապահպանության նախարարի այլ թեկնածու առաջարկեր, այլ ոչ թե նախ՝ նման հայտարարություններով կասկածի տակ դներ Արծվիկ Մինասյանի՝ մինչ օրս ծավալած գործունեությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ապա հայտարարեր, թե «նրա կարողությունները լիուլի կհերիքեն նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնում աշխատելու համար»: Ամեն դեպքում, Արծվիկ Մինասյանի պաշտոնավարումից՝ արդեն որպես բնապահպանության նախարար, մեր ակնկալիքները դրական են:




Լրահոս