ՈՎ ԷՐ ԱՍՈՒՄ՝ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ անցած տարեվերջին Ռուսաստանը հայտարարեց թուրքական ապրանքների ներմուծումն իր երկիր արգելելու մասին, Հայաստանի՝ հատկապես իշխանական շրջանակներում մեծ ոգեւորություն տիրեց: Իշխանության ներկայացուցիչները համոզված էին, որ այդ սանկցիաների արդյունքում դեպի Ռուսաստան հայկական բանջարեղենի արտահանումը շեշտակի կավելանա:

Սակայն հայկական արտադրության բանջարեղենը ոչ միայն չարտահանվեց Ռուսաստան, այլ նաեւ թուրքական լոլիկի ներկրման արդյունքում տեղական արտադրողներն այս տարվա ապրիլին, մայիսին եւ հունիսին լուրջ վնասներ կրեցին: Ներկրված էժան լոլիկի պատճառով տեղական ջերմոցները չէին կարողանում իրենց արտադրանքը շահույթով իրացնել: Ապրիլ- մայիսին գյուղացիները համառորեն բողոքում էին, թե իրենց բերքը չեն կարողանում շահութաբեր գնով վաճառել, քանի որ թուրքական պոմիդոր է ներկրվել Հայաստան եւ էժան գնով վաճառվում է:
Սակայն այստեղ մի անհասկանալի իրավիճակ է ձեւավորվում: Բանն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ներկրվել 156 տոննա 600 կիլոգրամ պոմիդոր: Կհարցնեք՝ հետո՞ ինչ, բացատրենք` ստացվում է, որ մի քանի տասնյակ տոննա պոմիդորի ներկրումը կարող է Հայաստանի շուկան տակնուվրա անել եւ պոմիդորի գինը միանգամից 200 դրամով էժանացնել:
Ու սա այն դեպքում, երբ հազարավոր տոննաների արտահանումը մեր շուկայի վրա չի ազդում: Այո, այո, ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 30 հազար 246 տոննա լոլիկ: Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրությունից էլ պարզվում է, որ այդ լոլիկի 30 հազար 28 տոննան արտահանվել է Ռուսաստան, եւս 200 տոննա էլ արտահանվել է Բելառուս: Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է ընդամենը 723,8 տոննա, իսկ ողջ տարվա ընթացքում 1 հազար 129,7 տոննա: Ստացվում է, որ միայն կես տարվա արդյունքներով պոմիդորի արտահանումն անցած տարվա համեմատ երեսուն անգամ աճել է:
Պոմիդորի արտահանման տվյալները առավել պատկերավոր դարձնելու համար ստորեւ բերված աղյուսակում ներկայացված է, թե ինչպիսին է այս տարվա յոթ ամիսներին Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ լոլիկի արտահանման դինամիկան (վերը նշված 200 տոննայից բացի՝ մնացած ողջ լոլիկը գնացել է ՌԴ).
ժամկետը աճը
1 ամիս 1208տ …….
2 ամիս 6416տ 5208տ
3 ամիս 13 348տ 6932տ
4 ամիս 20 366տ 7018տ
5 ամիս 27 877տ 7511տ
6 ամիս 30 227տ 2350տ
7 ամիս 30 369տ 142տ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ընդհանուր արտադրվել է 82 հազար 900 տոննա բանջարեղեն: Հատուկ պաշտոնական վիճակագիրների համար հիշեցնենք, որ բանջարեղեն են նաեւ տաքդեղը, վարունգը, սմբուկը եւ այսպես շարունակ: Ուստի, եթե Հայաստանում վեց ամսում արտադրված ընդհանուր բանջարեղենի մոտ 40 տոկոսը արտահանվել է, որն էլ եղել է կոնկրետ միայն լոլիկ, ապա այդ ամիսներին Հայաստանում պոմիդորը միայն խոշորացույցով պետք է գտնեինք` հատը հազար դրամով: Սակայն բոլորս հիշում ենք, որ նման իրավիճակ Հայաստանում երբեւէ չի եղել: Լոլիկի պակասություն մեր շուկայում երբեւէ չի եղել:
Հիշո՞ւմ եք` այս տարվա գարնանը լուրեր տարածվեցին, որ թուրքական լոլիկը ներկրվում է Հայաստան, այնուհետեւ հայկականի անվան տակ արտահանվում Ռուսաստան: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, պաշտոնապես այս տարի Հայաստան է ներկրվել չնչին քանակությամբ լոլիկ: Այս իրավիճակը նշանակում է, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է ապացուցեն, թե ինչպես է մեկ տարում լոլիկի արտադրության ծավալները երեսուն անգամ ավելացել Հայաստանում, կամ էլ պետք է պարզաբանեն, թե այդ ինչ լոլիկ է հայկականի անվան տակ արտահանվել Ռուսաստան: Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ ուրիշ այլ երկիր «հայկական» նորահայտ լոլիկից չի արտահանվել: Ռուսական եւ այլ երկրների շուկաները մեկ տարբերություն են ունեցել` ՌԴ-ն իր շուկան թուրքական ապրանքների համար փակել էր: Հասկանալի է, չէ, որ եթե այդ լոլիկը իսկապես հայկական է եղել, ապա մեր արտադրողները չէին կարող միայն ՌԴ շուկայով բավարարվել: Ավելին, եթե եկող տարի այդ նույն ծավալներով պոմիդոր չարտահանվի, Հայաստանից, ապա ինչպես են բացատրելու՝ հսկայածավալ լոլիկն ուր կորավ: Ի վերջո, եթե Հայաստանում կարողացել են ողջ երկրի պահանջարկն ապահովելով հանդերձ՝ ամսական 7 հազար տոննա լոլիկ արտահանել, նման ծավալները մեկ ակնթարթում չեն կարող անհետանալ: Չնայած, ով գիտի, պաշտոնական վիճակագիրները կարող են ասել, որ ինչպես մեկ ակնթարթում այն հայտնվել է, նույն կերպ էլ անհետացել է: Իսկ այն փաստը, որ Ռուսաստանը թուրքական ապրանքների վրայից արգելքը հանել է, այս խնդրի հետ կապ չունի:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե իրենք ինչպես են հավաստիանում, որ արտահանվող լոլիկը հայկական արտադրության է եւ ոչ թե, ասենք, թուրքական, որը հայկականի անվան տակ է ներկայացվում: «Արտահանվող լոլիկի մաքսային ձեւակերպումների ընթացքում մաքսային հայտարարագրին կից ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող միակ փաստաթուղթը բուսասանիտարական հավաստագիրն է, որն էլ տեղեկություններ է պարունակում սննդամթերքի ծագման երկրի վերաբերյալ: Ձեւակերպման ընթացքում ապրանքի ծագման երկրից կախված առանձնահատկությունները բացակայում են, ինչի արդյունքում ծագման երկրի հավաստագիր չի պահանջվում»,- պատասխանեցին ՊԵԿ-ից:
Մյուս կողմից էլ, ինչպես վերը նշել ենք, պաշտոնապես Հայաստան է ներկրվել չնչին քանակությամբ լոլիկ: Ստացվում է, որ թուրքականը հայկականի կարող էր վերածվել միայն մեկ դեպքում, եթե այն այլ ապրանքի անվան տակ է ներկրվել Հայաստան: Ասենք, էժան մաքսատուրք ունեցող «սկոչը» պահեստ մտնելուց հետո դարձել է հենց նոր «քոլից պոկված» լոլիկ: Նման բան, իհարկե, հնարավոր է, եթե գոյություն ունենա կախարդական փայտիկ:
Բայց ինչպես հայտնի է՝ ՀՀ ներկա եւ նախորդ վարչապետները կախարդական փայտիկ չունեն եւ այդ մասին արդեն խոստովանել են: Նրանց ենթակաները եւս դժվար թե ունենան: Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում կախարդական փայտիկի առկայության կամ բացակայության մասին որեւէ հստակեցում չկա: Միգուցե նա ունի՞:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

«ՇԵՖԸ» ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Ինչպես հայտնի է՝ երեկ Սերժ Սարգսյանը, ի վերջո, ի թիվս մի շարք նախարարների՝ նաեւ մշակույթի նախարար նշանակեց: Այդ պաշտոնը նա վստահեց Արմեն Ամիրյանին, որը մեկ այլ հրամանագրով ազատվել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից փորձեց պարզել, թե որքանով «արդարացի եւ տեղին» էր երկարամյա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին իր պաշտոնում չվերանշանակելը: Ի վերջո, բոլորն այլեւս ընտելացել էին, որ նա պետք է հավերժ պաշտոնավարի որպես մշակույթի նախարար: Իհարկե, արդյունքում Հայաստանում մշակույթը իսպառ ոչնչացվում էր, բայց, դե, դա ինչ էական է, մյուս նախարարներն էլ տնտեսությունը կամ արդարադատությունն են ոչնչացնում: Ինչեւէ, Արտակ Դավթյանը Պողոսյանի պաշտոնանկության մասին ասաց. «Կարծում եմ՝ ես չէ, որ պետք է ասեմ՝ տեղին էր, թե տեղին չէր, վարչապետի որոշելիք հարցն էր, իրենք էլ որոշել են»:

 

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՇՈՒՐՋ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով «Իրավունքի Եվրոպա միավորում» եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների կողմից իր դեմ ներկայացված դատական հայցին, ասաց. «Ես ունեմ ներկայացուցիչ, կներկայանա դատարան, դատական նիստը հրապարակային է, կարող եք գնալ, այդ ամբողջին հետեւել»: Մեր հարցին, թե պատրաստ է հ/կ-ներից ներողություն խնդրել եւ մեկ միլիոն դրամ փոխհատուցում վճարել, նա պատասխանեց. «Եթե կլինի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, իհարկե, ինչ եք ենթադրում, որ դատարանի որոշումը չպե՞տք է կատարեմ: Իսկ եթե լինի հակառակը, ես խոստանում եմ՝ դատական ծախսերը իրենցից չեմ ուզի»: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների ժամանակ հ/կ ներկայացուցիչների հասցեին ասել էր. «Ես կարծում եմ, որ դիտորդական կազմակերպություններում դեմագոգ, կիսագրագետ, անգրագետ են, դրսից սնվող»:

 

 

ՉԵՆ ԿԱՇԿԱՆԴՎՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ Գյումրու ավագանու ընտրություններում «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԳԱԼԱ-ի: «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանից փորձեցինք պարզել, թե գործն ինչ փուլում է գտնվում, սակայն նա հրաժարվեց մանրամասներ ներկայացնել: «ԳԱԼԱ» կուսակցության նախաձեռնող անդամ Արմենուհի Վարդանյանը մեզ հետ զրույցում ստեղծված իրավիճակի մասին ասաց. «Ես չեմ ուզում Ալյանսի վերաբերյալ որեւէ դիրքորոշում հայտնել, թող սկսի դատական պրոցեսը, եթե, իհարկե, կա նման պրոցես: «Այլանսի» ներկայացուցիչներն իրենք են զրպարտել, եւ զրպարտչական առաջին նյութը եղել է «Գալա»-ի հիմնադիրի հասցեին»:

 

 
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է
««Իսկանդեր»-ի վաճառքը նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: Սա նշանակում է նաեւ, որ մեր երկրների հարաբերությունները դաշնակցային են ու եղբայրական: Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին, ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է եւ այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,-«Ազատութանն» ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

 

 

ԱՇԽԱՏՈՒՄ Է
ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ աշխատանքային քննարկում է ունեցել, որին մասնակցել են «ՋիՋի» եւ «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարները, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Կարեւորելով բարձրացված հարցերը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ասել է, որ ոլորտում իրականացվող փոփոխություններն ուսումնասիրությունների եւ շարունակական վերլուծության կարիք ունեն:

 

 

ՈՐ ԲԻԶՆԵՍԸ «ՇՆՉԻ»
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ եւ բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: «Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք՝ նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- նշել է Կարեն Կարապետյանը:




Լրահոս