Սեպտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու` 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան դեպքը շարունակում է առեղծված մնալ:
Մինչ օրս չկա որեւէ փաստ, որը կապացուցի ի սկզբանե առաջ քաշված ինքնասպանության վարկածը: Միեւնույն ժամանակ սպանության տարբերակը փաստող հանգամանքներ եւս չեն հիշատակվել: Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում` ի՞նչ է իրականում տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին դեպքի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Մինչ օրս շրջանառված
վարկածները
Նախ հիշեցնենք, որ մահացած Արշակ Գրիգորյանին ճանաչողները եւ նրա մտերիմները շարունակում են համառորեն պնդել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն լինել չի կարող մի պարզ պատճառով. կայացած, անձնական եւ առողջական խնդիրներ չունեցող, կյանքով եւ նպատակներով լի երիտասարդին որեւէ բան ինքնասպանության չէր կարող դրդել: Գյումրեցիների խոսքով՝ Գրիգորյան եղբայրները քաղաքում խաղաղասեր տղաների համբավ ունեն, նրանց հետ կապված երբեւէ որեւէ ավելորդ խոսակցություններ կամ նրանց մասնակցությամբ միջադեպեր չեն եղել:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքից առաջ Ա. Գրիգորյանը հարազատների հետ շփվել է նույն ձեւով, ինչ մյուս օրերին: Նրա վարքի մեջ որեւէ տարօրինակ կամ անսովոր պահվածք չի նկատվել: Դեպքից առաջ՝ առավոտյան, երիտասարդը հոր՝ քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի հետ նախընտրական ծրագրերն է քննարկել, ապա մորեղբոր որդու հետ սրճարան այցելել: Դեպքից ժամեր առաջ տան անդամների հետ պայմանավորվել է, որ պետք է միասին ինչ-որ տեղ գնան: Տնից դուրս է եկել, մի քանի րոպե ուշանալուց հետո տան անդամներից մեկը գնացել է նրա հետեւից ու հայտնաբերել դին:
Ինչպես հայտնի է` դեպքից անմիջապես հետո խոսվում էր այն մասին, որ կատարվածը քաղաքական միտումների հետեւանք էր: Նախընտրական Գյումրիում մինչ օրս վստահ են, որ տեղի ունեցածի պատճառը մեծ աղմուկ հանած պաստառներն էին: Հիշեցնենք` դեպքի նախորդ օրը Գյումրու Շառլ Ազնավուր հրապարակում Վ. Գրիգորյանի մրցակիցները պաստառներ էին փակցրել, որի վրա պատկերված են եղել զառեր՝ «Հաջողության բանաձեւը» վերտառությամբ: Նույն խոսակցությունների համաձայն՝ սա ակնարկ էր Վ. Գրիգորյանի՝ Ապարի հաջողություններին ուղղված: Գյումրեցիները նշում են, որ ԲՀԿ-ական թեկնածուն տարիներ առաջ հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։
Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է «Գյումրեցու ոգի» կուսակցությանը: Արշակ Գրիգորյանը գնացել է, որպեսզի պոկի պաստառը, այստեղ նրան են մոտեցել մի քանի հոգի, եւ բախում է տեղի ունեցել: Ապա` ավարտվել:
Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված կուսակցության նախագահ Սահակ Սարադյանը հաստատել է, որ պաստառն իրենց կուսակցությունն է կախել, որը դեպքից հետո իրենց իսկ նախաձեռնությամբ հանվել է: Ի դեպ, նշված կուսակցության հիմնադիրները Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու նրա որդին են՝ Միսակ Բալասանյանը:
Սամվել Բալասանյանն
«անհետացել է»
Մինչ հանրապետության երկրորդ քաղաքում կրքերը գնալով թեժանում են, իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դառնում, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը Չինաստանում էր` 9 միլիոն բնակիչ ունեցող Սիան քաղաքում` իրեն շնորհված պատվավոր քաղաքացու կոչումը անձամբ վերցնելու: Նրա դիրքորոշումն ու կարծիքը կատարվածի վերաբերյալ հանրությունը չգիտի: Նրա հետ խոսելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Բալասանյանը կարծես թե ընդհատակ է անցել:
Ո՞րն էր ՀՀ գլխավոր
դատախազի նպատակը
Այս պատմության մեջ մտահոգիչ էր նաեւ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պահվածքը: Նա սեպտեմբերի 22-ին, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցածին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հերքող տեղեկություն կա, որ Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան դրդապատճառը քաղաքական միտում է ունեցել: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի` Արշակ Գրիգորյանի շրջապատի հարցաքննությունները թույլ են տալիս հետեւության հանգել, որ այդ դեպքը կապված չէ Գյումրիում քաղաքական գործընթացների հետ, սա փաստող տեղեկություններ եւս չկան: Դատախազի՝ ինքնասպանության վարկածն առաջ քաշելու փորձը ապացուցող փաստ եւս հանրությանը չի ներկայացվել: Թե որն էր քաղաքականապես անփորձ այս հայտարարության իմաստը, թերեւս դժվար չէ կռահել: Գուցե գլխավոր դատախազի ոչ կոմպետենտությունը հնարավոր բախումները, վենդետան կանխելու փո՞րձ էր: Հուսանք:
ՀՀ քննչական կոմիտեն
խեղաթյուրում է փաստերը
Դեպքից հետո, հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց` կատարվածը միանշանակ ինքնասպանություն որակելով: Նշվում էր ոչ թե որպես նախնական վարկած, այլ հաստատված: Այսպես՝ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով՝ Արշակ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից»: Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու հատկանիշներով:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը խեղաթյուրված փաստեր է պարունակում: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Գրիգորյանների տան նկուղում, այլ ավտոտնակում: Ավելին՝ նշված ավտոտնակը երկու մուտք ունի: Դրանցից մեկը փողոցի հատվածից է, մյուսը` բակի: Ուստի չի բացառվում, որ փողոցի կողմից որեւէ մեկը մտած լիներ: Բայց սա զուտ տեսական դատողություն է, քանի որ, ինչպես հայտնի է, դեպքի վայրից տեսախցիկներ են առգրավվել, որոնք տարվել են փորձաքննության: Դեռեւս չհաստատված տեղեկություններ կան, որ փողոցի կողմից արձանագրող տեսախցիկները չեն աշխատել: Թերեւս, կա՛մ այն նախապես դիտավորյալ վնասվել է, կա՛մ էլ ինչ-որ մարդիկ տեղեկացված են եղել, որ փողոցի հատվածում տեղադրված տեսախցիկներն անսարք են: Այս վարկածների պատասխանները, հուսով ենք, մոտ ապագայում քննչական մարմինները կտան:
Հարց է առաջանում` ինչո՞ւ է քննչական կոմիտեն սխալ տեղեկություն հրապարակել: Շատ հավանական է, որ ինքնասպանության վարկածն ավելի համոզիչ դարձնելու նպատա՞կ է հետապնդել: Միանշանակ կարող ենք ասել, որ տան նկուղում «ինքնասպանություն գործելն» ավելի հավանական է, քան, օրինակ, ավտոտնակում, այն էլ` բոլոր մուտքերից տեսախցիկներով պատված:
«Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ նշված ավտոտնակը երկրորդն է. Գրիգորյանները մեկ այլ ավտոտնակ էլ ունեն բակում: Դեպքի վայր համարվող ավտոտնակը հայտնի է որպես հին «գարաժ»:
Հ.Գ. Հաշված օրեր անց` հոկտեմբերի 2-ին, Գյումրիում ՏԻՄ ընտրություններ կկայանան, որին կմասնակցի նաեւ Վարդեւան Գրիգորյանը: ԲՀԿ-ն հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է հանուն Արշակի հիշատակի: Իսկ Գրիգորյան եղբայրները իրենց շրջապատում հայտարարել են, որ եթե ինքնասպանության վարկածը հերքվի, վենդետան անխուսափելի է: Սա նշանակում է, որ կատարվածը դեռ շատ ջուր կքաշի: Մնում է հուսալ, որ իրավապահները ռիսկի չեն դիմի:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մ. Խորենացի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց կողմից հասարակական անվտանգությունը վտանգելով, բռնություններով, ջարդերով, գույք ոչնչացնելով ու վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված որոշումներով մեղադրյալներ Լեւոն Ասլանյանի եւ Արմեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀԱԿԱՄԱՔՍԱՆԵՆԳ
2016թ. հունիսից ուժի մեջ են մտել հանրային վտանգ ներկայացնող առանձին առարկաների մաքսանենգությանն առնչվող օրենսդրական մի քանի փոփոխություններ: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են 4 առանձին հոդվածներ, որոնցից 3-ով պատասխանատվություն է նախատեսվում մաքսանենգությունների առանձին տեսակների համար. կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների մաքսանենգության (215.1), ՀՀ-ից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում չվերադարձնելու (215.2), ինչպես նաեւ` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության (267.1) դեպքերում:
Առանձին հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի եւ ռազմամթերքի մաքսանենգության դեպքում (235.1):
ՀՆԱՐԱՎՈՐ Է
ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է ակտիվ աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ՝ խրախուսելով հարգել հրադադարը: Այդ մասին Aysor.am-ին ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների կրճատումը հնարավոր է դարձնում խաղաղ բանակցությունների շարունակումը: Հարցին, թե Հայաստանի ձեռք բերած նոր զինատեսակները, մասնավորապես՝ հրթիռային կայանքները եւ Ադրբեջանում անցկացվող սահմանադրական հանրաքվեն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ կարգավորման վրա, Ուորլիքը պատասխանել է. «Համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»:
ԿՄԱՍՆԱԿՑԻ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: