ՀՀ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 43-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Ալբերտ Մարտոյանի ոտքերը ապրիլյան պատերազմի օրերին 4-րդ աստիճանի ցրտահարվել են, ինչի արդյունքում մայիսի 30-ին նրա ոտնաթաթերը եւ կրունկները կտրվել են: Եւ չնայած սրան՝ Ալբերտ Մարտոյանը ստացել է հաշմանդամության ընդամենը 2-րդ կարգ, ինչին նա դեմ է եւ պատրաստվում է այդ որոշումը բողոքարկել:
Տորֆավանի 29-ամյա բնակչուհի Անի Մարգարյանը պատմեց, որ իր ամուսինը՝ Ալբերտ Մարտոյանը, դեռեւս 2010 թվականից որպես պայմանագրային զինծառայող է աշխատել: Հենց նրա ստացած աշխատավարձով էլ կերակրվել է իրենց ընտանիքը: Նշենք, որ Ալբերտ Մարտոյանն ունի երկու անչափահաս երեխա: Նրանք տուն չունեն, եկամտի այլ աղբյուր՝ նույնպես: Չեն օգտվում «Փարոս» համակարգից, նպաստ չեն ստանում: Այժմ ապրում են Տորֆավանի բնակիչներից մեկի տանը:
«Ժողովուրդ»-ը Ալբերտ Մարտոյանից տեղեկացավ, որ նա ապրիլ ամսվա սկզբին դիրքեր բարձրանալու հրաման է ստացել, ինչն էլ կատարել է: Սակայն դիրք բարձրանալու ժամանակ ուժգին ձնաբուք է սկսվել, ինչի արդյունքում 43-ամյա Մարտոյանի ոտքերը 4-րդ աստիճանի ցրտահարվել են: «Իրեն անմիջապես բերեցին Վարդենիսի, ապա՝ տեղափոխեցին Մուրացանի հոսպիտալ: Իսկ արդեն մայիսի 30-ին ոտնաթաթերը եւ կրունկները կտրեցին: Ինքը հիմա չի կարողանում քայլել: Ոչ մեկին չենք կարող խնդրել, որ գրկեն տեղափոխեն: Ալբերտի ձախ ոտնաթաթի վերքը բացվել է, ու արտադրություն է գալիս: Ես էլ ամեն օր վիրակապերն եմ փոխում: Բայց չնայած սրան՝ պետությունից ոչ մի օգնություն չենք ստացել: Նույնիսկ այցելություններ չեն եղել: Մեզ միայն այցելել է առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը»,- լացը հազիվ զսպելով՝ պատմեց Անին եւ հայտնեց, որ ամուսինը ոտնաթաթերն ու ոտքի կրունկները կտրվելուց հետո աշխատանքից ազատվել է:
Նշենք, որ Ալբերտ Մարտոյանը հաշմանդամության կարգ ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային հանձնաժողով: Սակայն հանձնաժողովը որոշել է Մարտոյանին տալ հաշմանդամության 2-րդ կարգ, ինչին, բնականաբար, վերջինս դեմ է եւ պատրաստվում է առաջիկայում բողոքարկել հանձնաժողովի որոշումը:
«Ասում են, որ այդպես են որոշել: Բայց թե ինչպես են դա որոշել, Աստծուն է հայտնի: Արդեն Ալբերտի ձեռքերն են սկսել դողալ: Օր է լինում, որ ցավին չի դիմանում, եւ դրանից աչքերն են արյունով լցվում: Մեզ նույնիսկ ասել են, որ մի ոտքի կրունկը պետք է պլաստիկ վիրահատեն, բայց դա էլ են ձգձգում: Մի հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց են ուղարկում»,- հուսահատված նկատեց Անին:
Ալբերտ Մարտոյանի խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի հետ. «Մարդուն հաշմանդամության խումբ սահմանում են հանձնաժողովները՝ ելնելով գործող չափորոշիչներից: Որեւէ իրավաբան, գործակալության պետ կամ այլ պաշտոնյա չի կարող նայել հիվանդին եւ ասել՝ 1-ին թե 2-րդ խումբ է հասնում: Ու հանձնաժողովները չպետք է տվյալ անձի, լրագրողի կամ իրավաբանի ցանկությամբ որոշում կայացնեն: Որոշում կայացնում են մասնագետները՝ ելնելով հիվանդի վիճակից: Այստեղ նայել են ու սահմանել համապատասխան 2-րդ խումբը: Եւ դա բխում է գործող չափորոշիչներից»:
Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ կոնկրետ Մարտոյանի դեպքում հաշվի է առնվել այն վնասվածքը, որը նա ունի: «Եթե տրոֆիկ խոցեր չլինեին, կարող էր հաշմանդամության չբերել: Հաշվի առնելով, որ տրոֆիկ խոցեր կան, այսօր իրեն սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ցանկացած քաղաքացի, ով համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, կարող է այն բողոքարկել, ինչից հետո փորձաքննություն կնշանակվի: Բացի այս, ՀՀ կառավարության որոշմամբ՝ ցանկացած քաղաքացու իրավունք է տրված փորձաքննությանը ներգրավվել իր բուժող բժշկին կամ այլ բժիշկ-մասնագետի: Ի դեպ, փորձաքննությանը կարող են նաեւ մասնակցել այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք գրանցված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ցանկում: «Միեւնույն է՝ փորձագետները իրենց որոշումները կայացնում են ըստ չափորոշիչների, այլ ոչ թե լրագրողին կամ իրավապաշտպանին լսելով»,- վերստին ընդգծեց Արմեն Սողոյանը՝ հավելելով, որ հաշմանդամության կարգի սահմանման համար մարդու սոցիալական կարգավիճակը, մաշկի գույնը, ծառայությունները հաշվի չեն առնվում:
Հ.Գ. Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի վերանշանակ նախարար Արտեմ Ասատրյանը լայն ժպտում է կառավարություն մտնելիս. գլխավորն այն է, որ իր գործերը լավ են։ Մնացածը կսպասեն։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ