Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր ստորագրեց Արմեն Ամիրյանին մշակույթի նախարար նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից: Հիշեցնենք, որ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն այդ գերատեսչությունը ղեկավարում էր 2006-ից:

Այժմ, երբ նա լքեց իր պաշտոնը, անդրադառնալով ամենահիշարժան դրվագներին, արժի վերհիշել, թե իր երկարամյա գործունեության ժամանակ ինչով է աչքի ընկել արդեն նախկին նախարարը: Տիկին Պողոսյանն այս 10 տարիների ընթացքում հասցրեց հայտնվել մի շարք մութ պատմությունների կիզակետում: Մեր հիշողություններում դեռ թարմ են ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած խախտումները մշակույթի նախարարությունում: Առաջինի 2013թ. տնտեսած միջոցներից 2 մլն 51 հազար դրամ տարեվերջին պետական բյուջե վերադարձնելու փոխարեն նախարարությունը այն փոխանցել էր «Փայլ» իրավաբանական գրասենյակ Հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին, որից 916 հազար դրամի ծառայությունը ՍՊԸ-ն չէր մատուցել եւ գումարը չէր վերադարձրել։
Ավելի ուշ` 2015-ին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Հասմիկ Պողոսյանը մասնակցել է պետական հուշարձանի յուրացման գործի: «Հետք»-ը գրեց, որ դեռեւս 2001-ին ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը ԱՕԿՍ-ի շենքը սեփականաշնորհել են:
Նախկին նախարարն այս տարիներին աչքի է ընկել նաեւ որոշ զավեշտալի նախաձեռնություններով: Դրանցից ամենացցունը, թերեւս, Տոգոյի Հանրապետության եւ Մադագասկարի Հանրապետության հետ ՀՀ-ի` միջմշակութային համաձայնագրերի նախագծեր առաջարկելն էր:
Այնուամենայնիվ, հիմա, երբ նախկին նախարարը մեկնեց վաստակած հանգստի, հարկ է անդրադառնալ նորանշանակ նախարարի կերպարին: Չենք կարող ժխտել, որ Արմեն Ամիրյանը ժողովրդի կողմից համակրանք վայելող անձ է, սակայն չենք կարող նաեւ հավաստիացնել, որ դա բավարար է` ոլորտի լավ կառավարիչ լինելու համար: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է արվեստագետների հետ: Նրանց կարծիքը ներկայացնում ենք ստորեւ:
Դերասան Հրանտ Թոխատյան – Աչքներս լույս, առաջինը Ձեզնից իմացա Արմեն Ամիրյանի` նախարարի պաշտոնում նշանակվելու մասին: Շատ ուրախ եմ այդ առթիվ, նա իմ ընկերն է, ողջունում եմ Արմենին, տա Աստված` նա լիքը փոփոխություններ անի ոլորտում:
Դերասան Միքայել Պողոսյան – Արմեն Ամիրյանը ժամանակի ընթացքում ապացուցել է, որ որտեղ հայտնվում է` կարգուկանոն է հաստատում: Նա լավ ճաշակ ունի, կարծում եմ` կանի այն, ինչ մինչ այժմ չի արվել:
Բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար (1991-96 թթ.) Հակոբ Մովսես – Արմեն Ամիրյանին տիեզերական հաջողություններ եմ մաղթում իր դժվարին գործի մեջ: Նա լավ, գրագետ, ինտելեգենտ մարդ է:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյան-Հասմիկ Պողոսյանին ազատելու որոշումը շատ ուշացած քայլ է: Այդ կինն այնպիսի բարբարոսությունների հեղինակ դարձավ, որոնց հետեւանքները դեռ երկար կհիշեցնեն իրենց մասին: Իսկ Արմեն Ամիրյանի ընտրությունը բոլորովին էլ հաջող չէ: Նա երբեւէ մշակույթի ոլորտի հետ ուղղակի առնչություններ չի ունեցել, ծանոթ չէ ներքին խոհանոցին, սպեցիֆիկ առանձնահատկություններին: Նա լավ մասնագետ էր իր ոլորտում, իսկ այստեղ ձախողման վտանգը շատ մեծ է, առավել եւս, որ մշակույթի ներկա վիճակը շտկելու համար ընդհանրական պատկերացումներ ու գաղափարներ ունենալը դեռ բավարար չէ, անհրաժեշտ են կտրուկ քայլեր, իսկ Ամիրյանի աշխատաոճը նման հեռանկար չի հուշում:
Բեմադրիչ Հակոբ Ղազանչյան – Արմենը մշակույթին շատ մոտ կանգնած մարդ է, օրինավոր անձնավորություն: Նա երկար տարիներ ղեկավարեց Հանրային ռադիոն եւ կառավարման փորձ ունի: Կարծում եմ` նրան նախարարի պաշտոնում նշանակելը ճիշտ որոշում է:
Մեզ մնում է միայն հուսալ, որ նորանշանակ նախարարը կփորձի լրացնել իր նախորդի բացթողումները եւ լուծում տալ մշակույթի ոլորտի մի շարք խնդիրների, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է: Թե որքանով դա նրան կհաջողվի, ցույց կտա ժամանակը:

 

 

 

«ԵՍ ԳՈՀ ԷԻ, ՈՐ ՀԵՏԱՁԳԵՑԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՍ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Անկեղծ, բաց, երբեմն էլ անսպասելի հարցուպատասխանի միջոցով մենք ընթերցողներին հնարավորություն կտանք ծանոթանալու արդեն ճանաչված անձանց, նորովի բացահայտելու նրանց էությունը եւ անդրադառնալու նրանց կյանքից քչերին հայտնի դրվագների: Այս անգամ մեր զրուցակիցը հայկական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է` երգչուհի, նաեւ հաղորդավարուհի Քրիստինե Պեպելյանը:

-Եթե ոչ Քրիստինե, ապա ինչպե՞ս կցանկանայիք, որ Ձեզ անվանակոչեին:
-Մարիամ. դա կնունքիս ժամանակ եկեղեցու կողմից ինձ տրված անունն է:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ազդել Ձեր որոշումների վրա:
-Իրավիճակներն ու հանգամանքները:
-Եթե 10 պատվիրաններին ավելացնեիք եւս մեկը, ո՞րը կլիներ:
-Անտարբեր մի՛ եղիր:
-Իրավիճակ, երբ կամքի ուժ եք դրսեւորել եւ ինքներդ Ձեր արարքից գոհ մնացել:
-Չգիտեմ, դա կամքի ուժի դրսեւորում էր, թե ոչ, բայց ես գոհ էի, որ ապրիլյան պատերազմով պայմանավորված` հետաձգեցի Միացյալ Նահանգների իմ մենահամերգը:
-Ձեր ասպարեզի ամենատհաճ երեւույթը:
-Երեւի իմ բնույթն այնպիսին է, որ թույլ չի տալիս հաճախ հանդիպել տհաճ իրավիճակների. ինքս երեւույթները բարդացնող մարդ չեմ: Երեւի թե չկա մի ոլորտ, որտեղ տհաճ իրավիճակներ չլինեն: Բայց դրանք տեւում են մի քանի ժամ կամ մի քանի րոպե. ամեն բան անցողիկ է:
-Մարդը միշտ պետք է կարողանա…
-Ինքն իրեն ժամանակ տալ: Այդ դեպքում ամեն հարց իր պատասխանը կստանա:
-Փողի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Եթե ունես փող, միշտ պատրա՛ստ եղիր այն կիսել մարդկանց հետ: Փողն արժեք չէ, այլ մի բան, որը մարդիկ աշխատում են` իրենց կյանքում շատ հնարավորություններ ստեղծելու համար:
-Ձեր բանաստեղծը:
-Ես Սահյան եմ սիրում, նա է իմ գրողը:
-Հատկություն, որ մարդիկ Ձեր մեջ առաջինն են նկատում:
-Բաց լինելը:
-Կատեգորիկ դեմ եք ինչի՞ն (եթե կա նման բան):
-Միանշանակ ոչինչ չկա կյանքում: Այս պարագայում եւս իրավիճակներն են թելադրողն ու որոշիչը: Մի իրավիճակում կարող են լինել կատեգորիկ բաներ, մյուսում ոչ:
-Հումորի, ինտելեկտի թե՞ էսթետիկայի պակասն է վանում Ձեզ:
-Թերեւս, ըստ հերթականության. հումորով մարդկանց շատ եմ սիրում, ինտելեկտուալ մարդկանց կարիքը միշտ ունեմ, իսկ էսթետիկան հաճելի է, բայց միշտ չէ, որ առաջին պլանում է:
-Ո՞ւմ առջեւ եք ամենաանկեղծը:
-Ինքս իմ:
-Ավելի շատ տվող տեսակ եք, թե՞ վերցնող:
-Դա փոխկապակցված գործընթաց է: Ես վերցնում եմ եւ դրա հաշվին կարողանում եմ կուտակել լիցքեր` տալու համար: Բայց, ընդհանուր առմամբ, երեւի թե ավելի շատ տալիս եմ, քան մտածում վերցնելու մասին:
-Անցյալի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Անցյալիս հետ հաշտ եմ, թեեւ, իհարկե, տարիներն ավելացնում են իմաստությունը:
-Բնության տարերքներից որի՞ հետ եք Ձեզ ասոցացնում:
-Անձրեւի. ես երկինք շատ եմ սիրում:
-Ձեր նկարիչը:
-Նայած թե ինչ տրամադրություն ունեմ… Մարտիրոս Սարյանը լավն է…
-Կյանքի այս փուլում Ձեր երեք գլխավոր նպատակները:
-Առաջինը` փորձել արժանի զավակ լինել մորս համար, երկրորդը` առողջ լինել, որ կարողանամ օգնել մարդկանց: Եվ երրորդ` թող Աստված որեւէ բան կամենա ինձ…
-Եվ վերջում, կյանքի գլխավոր օրենքը:
-Ես հավատում եմ բումերանգի կանոնին. այն ինչ տալիս ես մարդուն, անպայման հետ կգա քեզ` ե՛ւ ուրախությունները, ե՛ւ տխրությունները:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԿՈՄԻՏԱՍԸ` ՆՈՐ ԼՈՒՅՍՈՎ
Սեպտեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տրվել է «Կոմիտասը եւ միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկը: Գիտաժողովը նվիրված է ՀՀ Անկախության 25-ամյակին: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ Կոմիտասի գործունեությանը, նրա զուլալ եւ հոգեցունց երաժշտությանը: Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտները կներկայացնեն Կոմիտասի ստեղծագործությունները` առանց որեւէ փոփոխության:
«Կոմիտասը մահացել է սրտի անբավարարությունից եւ ոսկրախտից, որը հնարավոր կլիներ բուժել հակաբիոտիկների գործածության դեպքում: Նրա մահվան պատճառները հոգեբուժական չեն եղել: Այսօր կան ուսումնասիրություններ, որոնց համաձայն Կոմիտասն ունեցել է որոշ ընկճախտային դրսեւորումներ, որոնք որպես հոգեկան հիվանդություն չեն կարող բնութագրվել: Կա տեսակետ, որը առհասարակ մերժում է նրա հոգեկան հիվանդությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծել է Կլոդին Բելամին, ով 1985¬2010թթ. բուժքույր է աշխատել Վիլ Ժուիֆի հոգեբուժարանում, որտեղ տարիներ շարունակ փակված էր մեծն Կոմիտասը:
Նշենք, որ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը: Փառատոնին հյուրընկալվել են կատարողներ Հայաստանից, Ճապոնիայից եւ Ֆրանսիայից:




Լրահոս