«Փեսացուն կրկեսից» ֆիլմից, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա», «Սահմանին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովան վերջին շրջանում «Վենդետտա» սերիալում ունեցած ոչ մեծ դերակատարումից բացի` էկրաններին չի երեւում: Այնպիսի տպավորություն է, որ դերասանուհին, որին նախկինում հաճախ էինք տեսնում կոմերցիոն նախագծերում, ստեղծագործական դադարի փուլում է:
«Ժողովուրդ»-ը Ռոզիից հետաքրքրվեց` նա դիտավորյալ է պասիվացրել իր գործունեությունը, թե դրա համար այլ պատճառ կա: «Կարելի է ասել, որ վերջին շրջանում «կորել եմ», բայց համարում եմ, որ ոչ մի դադար պատահական չի լինում, այն դիտավորյալ չեմ վերցրել. ամեն բան ինքնըստինքյան է ստացվել: Թեպետ պետք է նշեմ, որ ես այս ընթացքում զբաղված եմ նկարահանումներով, այնպես որ, դադարը այս պարագայում հարաբերական բնույթ է կրում: Ուրիշ բան, որ այն, ինչ անում եմ, ամբողջությամբ չի բավարարում ինձ»,-մեկնաբանեց Ռոզին:
Իսկ հարցին, թե ինչ է պակասում դերասանուհուն` գործնական կյանքում իրեն ռեալիզացված զգալու համար, Ռոզին պատասխանեց. «Կուզենայի հեղինակային, ոչ կոմերցիոն ֆիլմերում խաղալու հրավերներ ստանալ: Կոմերցիոն ֆիլմերն իրենց ասելիքով ինձ` որպես դերասանուհու, չեն գոհացնում. ուզում եմ ինձ նոր ռակուրսից բացահայտել»:
Մենք հետաքրքրվեցինք` Ռոզիին առաջիկայում կտեսնենք արդյոք որեւէ ֆիլմում. «Այո, դա կլինի Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը, որտեղ հանդես եմ եկել էպիզոդիկ դերով»,-տեղեկացրեց նա:
Ինչ վերաբերում է թատրոնի հետ կապված պլաններին, Ռոզին նշեց, որ առաջիկայում Վանաձորում ներկայացվելու է Վ. Շավերդյանի բեմադրությամբ «Ապուշը» ներկայացումը (ստեղծագործության հեղ.` Ֆ. Դոստոեւսկի): Ռոզին անտերպրիզային ներկայացման շրջանակում մարմնավորում է Նաստասյա Ֆիլիպովնայի կերպարը:
Հարցին, թե արդյոք դերասանուհին ցանկություն ունի մշտական աշխատանքի անցնել որեւէ թատրոնում, Ռոզին պատասխանեց. «Ես չեմ տեսնում այն թատրոնը, որտեղ կցանկանայի աշխատել: Այն ներկայացումները, որոնք այսօր դիտում եմ, ինձ համար շատ հին են: Այնպես որ, եթե նույնիսկ մտնեմ որեւէ թատրոն աշխատելու` պայմաններն ինձ չեն բավարարելու»:
Մենք փորձեցինք բավարարել նաեւ երկրպագուների հետաքրքրությունը եւ հարցրինք, թե ինչ հունով է ընթանում Ռոզիի անձնական կյանքը. «Այդ թեմայի շուրջ երկրպագուների հետարքրքրությունը նորմալ եմ համարում, սակայն անձնական կյանքի վերաբերյալ ոչ մի հարցի չեմ պատասխանում»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան