«Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից համագործակցության հուշագիրը ստորագրել է այլ մարդ, ավագանու մանդատ ստացել մեկ ուրիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հաստատվել է Վանաձորի ավագանու ցանկը: Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 8-ին «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որոնք Վանաձորի ավագանու ընտրություններից հետո միասին ունեն 18 մանդատ, ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվել են Վանաձորի ավագանու առաջիկա նիստում միասնաբար պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: ՀՀԿ-ականներն ունեն 15 մանդատ, իսկ նրանց թեկնածուն էլ Մամիկոն Ասլանյանն է:

Երեք ուժերի կողմից համաձայնության հասնելու որոշման հրապարակումից հետո բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն տեղական մակարդակով Վանաձորի ավագանու վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի լինեն մարդիկ, ովքեր կքվեարկեն Մամիկոն Ասլանյանի կողմից: Մինչ ՀՀԿ-ն զբաղված է այսպիսի գործերով, պարզվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից համագործակցության հուշագիրը ստորագրել է այլ մարդ, ավագանու մանդատ ստացել մեկ ուրիշը:

Մասնավորապես, ՀՎԿ-ի կողմից հուշագիրը ստորագրել է Բենիկ Գուրգենի Նազարյանը, իսկ մանդատ ստացել` Տիգրան Գագիկի Նազարյանը: Ստացվում է, որ մանդատ ստացած Տիգրան Նազարյանը կարող է և չքվեարկեր Քրիստ Մարուքյանի օգտին, չէ՞ որ նա համագործակցության հուշագիրը չի ստորագրել և ազատ է իր որոշումներում:

Այն, որ ՀՀԿ-ն փորձում է ամեն կերպ այնպես անել, որ Վանաձորում իշխանափոխություն չկայանա, փաստ է, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վերև նշված կուսակցություններից երեք մարդ քվեարկի Ասլանյանի օգտին:

Հիշեցնենք, որ քվեարկությունը փակ է լինելու, սակայն ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ավագանու իրենց երեք անդամները կլուսանկարեն իրենց քվեաթերթիկը`որպես ապացույց:




Լրահոս